Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ ինքը եւ Չեռնոգորիայի Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը (DPS) համաձայն են խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ եւ դառնում են ընդդիմություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ նախնական արդյունքները կդառնան պաշտոնական, 41 մանդատ կստանա եռանդամ կոալիցիան, որը մինչ այժմ ընդդիմություն էր, իսկ ՍԴԿ-ն իր կոալիցիոն գործընկերների հետ մեկ տեղ պակաս կստանա, կունենա 40 մանդատ: Մենք չենք պատրաստվում վիճել քաղաքացիների ժողովրդական կամքի հետ: Քաղաքացիների ընտրական կամքն այդպիսին է, մենք կհարգենք այն եւ կշարունակենք մեր քաղաքականության համար նույնքան կրքոտ պայքարել ընդդիմության աթոռներից»,- ասել է Ջուկանովիչը ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հինգշաբթի հրապարակել է Չեռնոգորիայի RTCG ազգային հեռուստատեսությունը:

Ջուկանովիչը կոչ է արել «սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներին», սակայն հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում հետընտրական տեխնոլոգիաների միջոցով ազդել քվեարկության արդյունքների վրա:

Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, Չեռնոգորիայի Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միլենա Օրլանդիչը Պոդգորիցայի ընտրատեղամասերից մեկում ստուգման ժամանակ փորձել էր ոչնչացնել ընտրական փաստաթղթերը, որից հետո նրան բերման էր ենթարկել ոստիկանությունը: Չեռնոգորիայում քվեարկությունը այնպես է կազմակերպված, որ յուրաքանչյուր քվեաթերթիկից, նախքան այն քվեատուփ գցելը, պատռվում է քվեաթերթիկի համարով փոքրիկ կտրոն: Ստուգման ընթացքում քվեաթերթիկների եւ կտրոնների քանակը պետք է համընկնի, հակառակ դեպքում խախտում կգրանցվի, ինչը կարող է հանգեցնել տեղամասում վերաքվեարկության։