Թուրքիան Միջերկրական ծովի արեւելքում ռազմական առճակատման ռիսկի է դիմում, քանի որ իշխանությունը գերադասում է դիվանագիտությունից, Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն, որի «հարեւանների հետ զրո խնդիր» սկզբունքը նախկինում Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հետ Անկարայի հարաբերությունների կարգախոսներից էր, անցյալ տարի լքեց իշխող «Արդարություն եւ զարգացումը» եւ հիմնեց մրցակից «Ապագա» («Գելեչեկ») կուսակցությունը: Թուրքիայի նախկին վարչապետը քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ավտորիտարիզմի հակումը եւ կառավարությանը մեղադրել մի շարք, այդ թվում՝ տնտեսական, կորոնավիրուսի դեմ պայքարի եւ Միջերկրական ծովի արեւելքում աճող լարվածության խնդիրները սխալ լուծելու մեջ։

Անցյալ ամիս Թուրքիան հետախուզական նավերի տորմիղ էր ուղարկել նավթ եւ գազ որոնելու այն ջրերում, որոնց հավակնում է Հունաստանը: Աթենքն Անկարայի քայլն անօրինական էր որակել:

Եվրամիությունը, որը սատարում է ԵՄ անդամ Հունաստանին եւ Կիպրոսին, թեթեւ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, իսկ անցած ամիս հետախոզուական նավը հետապնդող հունական ու թուրքական ռազմանավերի բախումը կտրուկ մեծացրել է ռազմական լարվածության հավանականությունը:

Դավութօղլուն ասել է, որ Անկարան դժգոհ է տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր ծովային հատվածի հանդեպ Հունաստանի հավակնություններից, սակայն հավելել է, որ Էրդողանի մոտեցումը մեծ ռիսկեր է պարունակում: «Ցավոք, մեր կառավարությունը չի կատարում պատշաճ դիվանագիտական գործողություններ»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ եթե եւ Հունաստանը, եւ Թուրքիան դիվանագիտության փոխարեն նախընտրեն «ուժի կիրառումը», «ցանկացած պահի ցանկացած ճգնաժամ կարող է բռնկվել եւ սրվել»:

Նրա կարծիքով, Թուրքիան պետք է Եվրամիությանը հստակ ասի. «Եկեք նստենք սեղանի շուրջ»: Անկարան պետք է երկխոսություն սկսի Աթենքի հետ՝ «բոլոր խնդիրները քննարկելու եւ լարվածությունը թուլացնելու համար»: