Երեւանի պետական համալսարանում մայիսի 24-ին, գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում տնտեսագետ Խոսե Պինիերայի հետ, ով Չիլիի մասնավոր կրթաթոշակային համակարգի ստեղծողն է:
Հանդիպումը համատեղ կազմակերպել են «fruitfull amenia» կազմակերպությունը, Կենտրոնական բանկը ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Վրաստանի սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարը, ՀՀ բուհերի տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ եւ այլք:
Խոսե Պինիերան կներկայացնի Չիլիի տնտեսական բարեփոխումների ընթացքը, կխոսի նաեւ մասնավոր կենսաթոշակային համակարգի մասին:
Ըստ Չիլիի սոցիալական ապահովության նոր համակարգի` աշխատողի թոշակային նպաստը պայմանավորված է այն գումարով, որը նա կուտակում է իր անհատական թոշակային հաշվի (ԱԹՀ) վրա իր աշխատանքի տարիներին: Ո՛չ աշխատողը, ո՛չ գործատուն աշխատավարձից հարկ չեն վճարում: Փոխարենը նրա աշխատավարձի 10 տոկոսը գործատուի կողմից ամեն ամիս առանց հարկման ավանդադրվում է աշխատողի սեփական ԱԹՀ-ում: Աշխատողը կարող է նաեւ կամավոր խնայողությունների տեսքով յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձի մինչեւ 10 տոկոսի չափով լրացուցիչ հատկացում կատարել, որը նույնպես պահվում է հարկվող եկամուտից:
Խոսե Պինիերան ղեկավարում է Կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոնը: Նա այցելել է արդեն 80 երկիր, որոնցից 28-ը ստեղծել են անհատական կենսաթոշակային հաշիվներ` ամբողջովին կամ մասնակի հետեւելով «Պինիերայի մոդելին»:




























