Փարիզում մայիսի 15-22-ին տեղի է ունեցել «Փարիզի Հայ առաքելական եկեղեցու շաբաթը»:
Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել է «Հայոց ցեղասպանությունը ժամանակի միջազգային մամուլի առաջնորդողներում» ցուցահանդեսը, գումարվել են գիտաժողովներ` «Աղթամարի վանական համալիրի պատմությունը եւ վերականգնման խնդիրները» (ատենախոսներ` Պատրիկ Տոնապետյան, Գեղամ Գեւոնյան, Հայկ Դեմոյան), «Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում` ավանդույթի եւ առաջընթացի միջեւ» (Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան, Սահակ Սուքիասյան), «Հայ երիտասարդների հավաք եկեղեցու շուրջը», հանդիսավոր համերգ Փարիզի Գավո համերգասրահում` արեւմտաեվրոպական եւ հայկական երաժշտության կատարմամբ (Նաիրի սիմֆոնիկ նվագախումբ, մենակատարներ` Լուսինե Խաչատրյան, դաշնամուր, Սիլվիա Գեւորգյան, սոպրանո եւ Մկրտիչ Մկրտչյան, բարիտոն): Մայիսի 21-ին Ինտերկոնտինենտալ հյուրանոցում հանդիսավոր ճաշի ժամանակ եղել է միջոցների հանգանակություն: Միջոցառումների շարքն ավարտվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով` ի հիշատակ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի զոհերի:
Մայիսի 21-ին Գարեգին Բ-ի կոնդակով Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցական թեմի հոգաբարձուների խորհրդի անդամ Գրիգոր Փափազյանին շնորհվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարձրագույն` Սբ. Ներսես Շնորհալի շքանշանը, իսկ նրա տիկնոջը` Սեդա Փափազյանին` նույն շքանշանի մանրակերտը: «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության նախագահ եւ Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցական խորհրդի կազմում գործող Ուսումնական մարմի փոխնախագահ Գեղամ Գեւոնյանը պարգեւատրվել է Ֆրանսիայի Հայ առաքելական Եկեղեցու Սբ. Վարդան Մամիկոնյան պատվոնշանով:




























