Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրել են բարձր տեխնոլոգիական յոթ նոր նվաճում, այդ թվում՝ ռազմական ռոբոտ, որն ունակ է կրել թեթեւ եւ կիսածանր զենքեր, հաղորդում է Press TV-ն:

Նոր գյուտերի շնորհանդեսը տեղի է ունեցել կիրակի օրը՝ իրանական բանակի բարձր հրամանատարության ներկայությամբ:

Ռոբոտը ստացել է «Կարակալ» անվանումը՝ Իրանի տարածքում հանդիպող տափաստանային լուսանի մի տեսակի անունով:

Ռոբոտը շարժվում է 30 կմ/ժ արագությամբ, իսկ դրա գործողության շառավիղը գերազանցում է 500 մետրը:

«Կարակալը» հագեցած է անկախ կասեցման համակարգով, խելացի հեռակառավարման մեխանիզմով, լազերային հեռահարաչափով եւ օպտիկական համակարգով:

Շնորհանդեսին ներկայացվել է նաեւ «Հադաֆ -2» նոր հրթիռաարձակման կայան՝ մի սարքով, որը կարող է միաժամանակ երկու հրթիռ պահել եւ կրակել: Այն կարող է օգտագործվել արագ տեղակայման համար եւ ունի ավտոմատ մակարդակ, որպեսզի օգնի որոշելու տեղակայման լավագույն վայրը: