Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումների արդյունքում հաջորդ ընտրությունները որակական այլ մակարդակ կունենան։ Մայիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«Անգամ այնպիսի երկրներում, ուր ընտրություններն անցնում են առանց խախտումների, ընտրական օրենսգրքերի բարեփոխումներ են կատարվում։ Իսկ այն երկրներում, որտեղ ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը պատշաճ մակարդակի վրա չէ, բնականաբար փոփոխություններ ավելի հաճախ են կատարվում՝ թույլ տալու համար բարձրացնել հանրային վստահությունը։ ՀՀ Ընտրական օրենսգրքում բարեփոխումները կատարվում են հենց այդ նպատակով»,- պարզաբանեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ օրենսգրքում բարեփոխումներ կատարելուց առաջ վերլուծվել են բազմաթիվ քննադատական նյութեր, զկույցներ, փորձագիտական եզրակացություններ։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում բարեփոխումների առնչությամբ ՀՅԴ դժգոհություններին եւ նրանց մի շարք առաջարկությունները չընդունելու հարցին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՅԴ կողմից արված չորս առաջարկներից պետաիրավական հանձնաժողովն արդարացիորեն չի ընդունել երեքը։ «Դրանցից առաջինով ՀՅԴ-ն առաջարկում է 100 տոկոսով համամասնական ընտրություններ անցկացնել, ինչը մեր կարծիքով սխալ է եւ այս փուլում չի համապատասխանում մեր երկրի պահանջներին։ Սրանով պատգամավորն ընտրողի համար դառնում է հեռու մի անձնավորություն, եւ քաղաքացին ստիպված է լինում ընտրել միայն կուսակցությանը։ Երկրորդ, նրանք պահանջում են ընտրություններից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, սակայն հայտնի է, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները դա միշտ համարել են ընտրության գաղտնիության խախտում։ Երրորդ չընդունված առաջարկությունը վերաբերում է ձայներն ըստ ծրարների քանակի հաշվելուն՝ դրանք բաժանելով 100-ական տրցակների։ Բայց այս առաջարկությունները փորձ ունեցող մարդու մոտ միայն հարցականներ են առաջացնում»,- նկատեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը։
Դավիթ Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվելիք շուրջ 90 փոփոխությունները միտված են ընտրական ողջ համակարգը փոխելուն՝ ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածից մինչեւ դրանց ավարտը։
«Ընդդիմությունը դրական փոփոխությունների մասին գերադասում է չխոսել։ Օրինակ, չի խոսում, որ այսուհետ հնարավոր է լինելու քաղվածքներ անել ընտրողների կողմից ստորագրված արձանագրություններից, ինչը նախկինում չէր թույլատրվում։ Բացի այդ, խորհրդարանական ընդդիմության վստահված անձն իրավունք ունի նստել հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում եւ վերահսկել ընտրությունների ընթացքը, հնարավորություն է ընձեռվում նաեւ տեսանկարահանումներ կատարել ընտրատեղամասում՝ բացառությամբ քվեախցի»,- տեղեկացրեց Հարությունյանը։
Ամփոփելով՝ նա վստահեցրեց, որ ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի ընտրություններն առավել ժողովրդավար եւ առանց խախտումների անցնեն։
Նշենք, որ երեկ մեկնարկած քառօրյա նիստում Ազգային ժողովը Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ երկրորդ ընթերցմամբ քննարկումներ էր սկսել: Նախագծի երրորդ ընթերցումը կկազմակերպել 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն չի մերժվել:




























