Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը, իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը։ Հայ զինվորն առաջնորդվում է մահ կամ ազատություն կարգախոսով՝ հանուն Արցախի, հայ ժողովրդի ապրելու իրավունքի։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք այլ ճանապարհ չունենք, սիրելի հայրենակիցները։ Մենք զիջելու հայրենիք չունենք, այս պատերազմի ելքով է որոշվելու հայ ժողովրդի ճակատագիրը, հետևաբար հաշվի առնելով վերջին 5 օրերը, հայ ժողովրդի միասնականությունը պետք է արձանագրել՝ սա բավարար չէ, անհրաժեշտ է, որպեզի ողջ հայության համահայկական ներուժը օգտագործվի այս պատերազմում։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, պետք է այս պատերազմը համար իր անձնական պատերազմը, պետք է ոչինչ չխնայի այս պատերազմի համար»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Դաշնակցական գործիչը շեշտեց՝ իրավիճակը լուրջ է։
«Տաքուկ սենյակներում նստած, դուխով ստատուսներ գրելով պատերազմը չենք հաղթի, պատերազմը շարունակվում է։ Մենք պարտավոր ենք համախմբելով մեր ողջ ներուժը, թիկունքը առավել ամուր և կազմակերպված պահել։ Պետական բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն անխափան, լիարժեք, արդյունավետ, 24-ժամյա ռեժիմով։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները այս պատերազմը միասնաբար հաղթելու։ ՀՅԴ-ն իր ողջ ներուժուվ ամբողջությամբ նվիրված է այս աշխատանքներին»,-նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց քաղաքական դաշտում միասնականությունն ու համերաշխությունը պաշտպանել և չտրվել պրովոկացիայի։
«Մենք հաղթելու ենք այս պատերազմում և դրա գրավականը շարունակել լինել միասնական, համախմբված և ամենակարևորը՝ ոչինչ չխնայել մեր հաղթանակի համար»,- հավելեց նա։





























