Մոսկվան բաց է Թեհրանին Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հարցում: Այս մասին Resalat daily-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Զագարյանը: Նրա խոսքով` Ռուսաստանը խնդիրներ չունի Իրան Ս-400 հրթիռային համակարգի մատակարարման հետ կապված, հայտնում է Tasnim-ը:
Դեսպանը շեշտել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքները ոչ մի կերպ չեն ազդի զենքի ոլորտում Ռուսաստանի համագործակցության վրա Իրանի հետ: Ինչպես արդեն հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը, Մոսկվան չի վախենում Վաշինգտոնի կողմից սպառնալիքներից, կատարում է իր պարտավորությունները եւ պատրաստ է հոկտեմբերի 18-ից հետո մանրամասն քննարկել զենքի գնման վերաբերյալ Իրանի առաջարկները:
Հոկտեմբերի 18-ին լրանում է Իրանին զենք մատակարարման ՄԱԿ-ի էմբարգոն: Սովորական սպառազինության էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին` 2015-ի հուլիսին ստորագրված Իրանի հետ միջուկային գործարքին հավանություն տվող բանաձեւի դրույթների համաձայն:





























