Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաեւ վարձկաններ Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպություններից:

Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Մասիս Մայիլյանը Գլխավոր քարտուղարին նաեւ տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն եւ զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաեւ ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու եւ թեժացնելու, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու եւ Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։

Մասիս Մայիլյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որեւէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները եւ շարունակվող պատերազմական հանցագործությունները: