Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին նախազգուշացրել է, որ, ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ կապված, երկրի սահմանների մոտ ականանետային հարձակումները շարունակելու դեպքում Իրանը «ավելի լուրջ նախազգուշացումներ կանի», հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ սրացման հետեւանքով «փամփուշտներն ու ականանետերը հարվածել են Իրանի որոշ սահմանային շրջաններին»: «Մենք կողմերին խնդրել ենք վերահսկել դա, հակառակ դեպքում Իրանն ավելի խիստ նախազգուշացում կանի»: «Ըստ ՆԳՆ-ի՝ երկրի ներքին անվտանգությունը, սահմաններից մինչեւ երկրի բոլոր մասերը, գերակայություն է, եւ մեր յուրաքանչյուր սահմանամերձ տարածք մեր ազգային անվտանգության մասն է, ուստի զինված ուժերը եւ իրավապահ ուժերը ուշադիր հետեւում են սահմանամերձ տարածքների անվտանգությանը»,- ասել է նա։

«Մենք հարեւան երկրներին, Ադրբեջանին եւ Հայաստանին տեղեկացրել ենք, որ չենք հանդուրժի անվտանգության հետ կապված խնդիրներ, միջամտություններ կամ որեւէ գործողություններ, որոնք կարող են վնասել մեր բնակչության անվտանգությանը այս տարածքներում, եւ հուսով ենք, որ այս հարցը կլուծվի գործող օրենքներին համապատասխանության եւ միջազգային պարտավորությունների կատարման միջոցով»։

Նա իր երախտագիտությունն է հայտնել երկրի հյուսիսային սահմանամերձ շրջաններում ապրողներին եւ ընդգծել է․ «Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում հյուսիսային սահմանամերձ շրջաններում, հատկապես ադրբեջանախոս նահանգներում ապրող մարդկանց՝ երկրի անվտանգության ամրապնդման եւ պահպանման գործում համագործակցության համար»: