Թուրքական հորատող նավը հեռացել է Կիպրոսի հարավ-արեւմուտքից եւ տեխնիկական սպասարկման համար հասել է թուրքական ափ: ԵՄ-ն կարծում է, որ դա կօգնի թուլացնել լարվածությունը արեւելյան Միջերկրական ծովում, հաղորդում է Reuters-ը:

Refinitiv-ի տվյալները ցույց են տվել, որ Yavuz նավը հասել է ափ, եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ այժմ այն կպատրաստվի նոր վայրում աշխատելու:

ԵՄ առաջնորդները անցած ուրբաթ Կիպրոսին հավաստիացրել էին, որ պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի դեմ, եթե նա շարունակի հորատումները Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում:

Yavuz նավը Կիպրոսի ջրերում պետք է մնար մինչ հոկտեմբերի 12-ը: Հունաստանը այդ աշխատանքը սադրիչ էր անվանել:

Էներգետիկայի նախարարությունից հայտնում են, որ նավն ավարտել է աշխատանքը Սելցուկլու-1 24 հորատանցքում եւ վերադարձել է Տաշուջու նավահանգիստ: «Նավահանգստում նախապատրաստական աշխատանքներից հետո նավը կշարունակի հորատումը նոր վայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, որ սա դեէսկալացիայի երկար սպասված քայլ է, եւ «մենք ակնկալում ենք նման եւ հետագա քայլեր այս ուղղությամբ»: «Սա կարեւոր ազդանշան է»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Barbaros Hayrettin Pasa թուրքական սեյսմիկ հետազոտական նավը շարունակում է մնալ Կիպրոսի հարավ-արեւելքում եւ նրա աշխատանքները երկարացվել են մինչեւ հոկտեմբերի 18-ը: