Եվրամիությունը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցության մասին Անկարայի հետ բանակցությունները փակուղի են մտել, եւ գործընթացը չպետք է արագացվի ժողովրդավարական ստանդարտները պահպանելու անկարողության պատճառով:
Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել քաղաքացիական հանրության եւ ԶԼՄ-ների վրա, եւ քաղաքական իշխանությունը նախկինի պես կենտրոնացած է Թայիփ Էրդողանի ձեռքում:
«Թուրքիան մնում է Եվրամիության առանցքային գործընկերը, սակայն շարունակում է հեռու մնալ ԵՄ-ից, ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, հիմնարար իրավունքներից եւ դատական իշխանության անկախությունից»,- հայտնել են Եվրահանձնաժողովում:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցության մասին բանակցություններ է սկսել 2005 թվականին, սակայն վերջին տարիներին դրանք փակուղի են մտել:
ԵՄ-ի որոշ երկրներ դեմ են այդ անդամակցությանը, երկրների թվում են Գերմանիան, Ֆրանսիան:





























