Նախագահ Դոնալդ Թրամփը «ռասիստ» է, որի վախ սերմանելու, դավադրության այլանդակ տեսություններ տարածելու եւ առաջ մղելու ռազմավարությունը կարող է «ոչնչացնել» Ամերիկան՝ նրա վերընտրվելու դեպքում, ասել է նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
24 րոպե տեւողությամբ տեսանյութում՝ ի պաշտպանություն նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի, Օբաման Թրամփին ու նրա հանրապետական դաշնակիցներին անվանել է աֆրոամերիկացիների մասին «անարդար մտավախություններ բորբոքողներ»:
Նրա խոսքով՝ Թրամփը «բարոյապես սխալ է», երբ ընտրողներին վախեցնող գործողություններ է նախաձեռնում եւ «ստում է» այն մասին, որ փոքրամասնությունները ավերում են ԱՄՆ արվարձանները։
«Այն, ինչ անում է նախագահը, հերթական ակնհայտ սուտն է, դա սխալ է բարոյական տեսակետից, եւ այո, դա ռասիզմ է»,- ասել է Բարաք Օբամայի՝ երկրի առաջին սեւամորթ նախագահի 56-ամյա կինը:
Նա նախազգուշացրել է, որ նման մարտավարությունը կարող է գործել հատկապես այն պատճառով, որ ամերիկացիները ժամանակ եւ էներգիա չունեն ստուգելու այն ամենը, ինչ տարածվում է համացանցում կամ ամերիկյան լրատվամիջոցներում:
«Եվ միակ բանը, որի մեջ այս նախագահը իսկապես լավ է, վախը եւ խառնաշփոթը օգտագործելն է ու ստեր տարածելը՝ հաղթանակի համար»,- հավելել է Օբաման:





























