Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին թալիբներին կոչ է արել համարձակություն հավաքել եւ հայտարարել կրակի դադարեցման մասին»: Այս մասին նա հայտարարել է Դոհա կատարած այցի ժամանակ, հայտնում է AFP-ը:
Նրա խոսքով՝ Աֆղանստանում ձգձգված հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, «այլ ոչ թե զենքի սպառնալիքով»: «Ոչ ոք չի պատրաստվում ձեզ սրբել երկրի երեսից»,- ասել է նա՝ Աֆղանստանի կառավարության եւ թալիբների միջեւ խաղաղ բանակցությունների մեկնարկից երեք շաբաթ անց:
Երկու կողմերի բանակցությունները դանդաղել են այն տարաձայնությունների պատճառով, թե ինչպես ձեւակերպել վարքային կանոնակարգը, որը կուղղորդի ավելի լայն բանակցություններին:
Միաժամանակ, Աֆղանստանում բռնությունները շարունակվում են՝ երկուշաբթի օրը նահանգապետի դեմ ուղղված մահապարտ-ահաբեկչի հարձակումը սպանել է առնվազն ութ մարդու:
Ավելի վաղ Հանին հանդիպել էր Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, իսկ Դոհան վերահաստատել է խաղաղ գործընթացին նպաստելու իր հանձնառությունը:
Բանակցությունները, որոնք սկսվել էին մեծ աղմուկով, մեծ առաջընթաց չգրանցեցին, բայց Հանին խուսափեց այն հարցերից, թե արդյոք դրանք փակուղի են մտել։ «Մենք չենք կարող 20 օրվա ընթացքում վերջ դնել 20-ամյա պատերազմին»,- ասել է նա լրագրողներին:





























