Ես պաշտոնապես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը, օրենսդիր մարմնում քննարկումների ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննեբորնը:

«Չեմ ուզում շեղել կորոնավիրուսից, սակայն կարծում եմ, որ առողջության համար ավելի վտանգավոր է հարձակվել խաղաղ, ժողովրդավարական համայնքի վրա եւ կասետային ռումբերով ռմբակոծել բնակելի տարածքները: Դա հենց այն է, ինչ հիմա անում են Բոսֆորից եւ Բաքվից խելագարները Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է նա:

«Նրանք սպանում են հայերին՝ անկախ տարիքից, քաշից եւ տարած հիվանդություններից»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ «ինչ հանցագործություններ էլ կատարի Բաքուն այնտեղ, նա դրանք կատարում է Էրդողանի շնորհիվ, որը 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը ավարտելու վայրագ վճռականություն է ցուցաբերում»:

«Խելահեղ է, որ ԵՄ-ն նրան դեռ համարում է իր գործընկերը, մինչդեռ ջիհադիստ վարձկանների հետ նա ահաբեկչություն է սերմանում Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում եւ Միջերկրական ծովում»,- ասել է նա:

«Որպես չմիավորված անդամների ոչ պաշտոնական ներկայացուցիչ՝ ես պաշտոնապես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- հավելել է Սոննեբորնը: