Արցախի Պաշտպանության բանակը ինքնուրույն հետ է մղում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան առանց Հայաստանի զինված ուժերի եւ դաշնակիցների մասնակցության: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ մարտերին մասնակցում են միայն պահեստազորայիններ ու կամավորներ՝ Հայաստանից: «Պաշտպանության բանակը ցուցադրում է մարտական բարձր որակներ, եւ հայ ազգը ցույց տվեց համերաշխության օրինակ: 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր կամավորներ, ոմանք չնայած իրենց տարիքին, գրանցվեցին որպես կամավորներ, կազմեցին ստորաբաժանումներ եւ նետվեցին մարտի»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատասխանելով դաշնակիցների մասնակցության մասին հարցին` Հովհաննիսյանը հայտարարեց. « Այո, մենք դաշնակիցներ ունենք: Բայց նրանք մարտի դաշտում չեն: Դրա անհրաժեշտությունը չկա։ Պաշտպանության բանակը մարտական գործողություններն ինքնուրույն է իրականացնում եւ հաղթանակների հասնում»:

Հարցին, թե Պաշտպանության բանակը պատերազմի սկզբի համեմատ վերահսկում է ավելի մե՞ծ, թե՞ փոքր տարածք, ՊՆ խոսնակն ընդգծեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում: «Որոշ ուղղություններով նահանջեցինք, որոշ ուղղություններով վերախմբավորվեցինք: Մարտավարական առումով, երբեմն ավելի գրագետ է հեռանալ, ապա կողքից մտնել: Քառակուսի կիլոմետրերի առումով ընդհանուր կազմաձեւն այդքան էլ չի փոխվել»,- նշեց Հովհաննիսյանը: