Առաջին անգամ հայերի կողմից ֆինանսավորվող մեծ ֆիլմը` «Կորել եւ գտնվել է Հայաստանում» վերնագրով, այս շաբաթ ԱՄՆ-ում սկսում է իր նկարահանման աշխատանքները, որոնք կշարունակվեն ամռանը Հայաստանում: Ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերում են Ջեյմի Քենեդին, Անժելա Սարաֆյանը, ռեժիսոր` Գոռ Կիրակոսյանը, պրոդյուսերներ` Մարալ Ջերեջյանը եւ Վալերի Մաքքեֆրին: Ֆիլմը երկլեզու է` հայերեն եւ անգլերեն 1.40-1.45 րոպե տեւողությամբ:
Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. ԱՄՆ սենատորներից մեկի որդին Թուրքիայում հանգստանալիս «պարաշյուտով» թռնելիս կորում եւ հայտնվում է «մի գոմում», որը պարզվում Հայաստանն է: Այդտեղից դուրս գալիս նա տեսնում է հայերի, մի գեղեցիկ կին միանում է նրան` իր ճանապարհին հանդիպած արկածներին եւ դժվարություններին: «Ֆիլմի գաղափարն այն է, որ մի մարդ, որ կարծում ես կարող է լինել քո թշնամից, կարող է լինել քո հերոսը»,- այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գոռ Կիրակոսյանը:
Վալերի Մաքքեֆրինի խոսքով` ֆիլմը կներկայացնի Հայաստանն աշխարհում: Թե ինչքան է կազմում ֆիլմի բյուջեն, ապա խումբը նախապես պայմանավորվածության համաձայն` դա գաղտնի է պահում, բայց Վալերի Մաքքեֆրին կեսկատակ կեսլուրջ պատասխանեց` մեկ դոլար պակաս, քան հարյուր միլիոն դոլարը:
Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել են այս տարի հունվարից եւ այն հավանաբար պատրաստ կլինի այս տարեվերջին կամ 2012թ սկզբին:
«Մեր նպատակը ֆիլմի ցուցադրումը չի, այլ վաճառքն է, որպեսզի կարողանանք մյուս տարի աշխատել մեր մյուս ֆիլմի վրա»,- ասաց Գոռ Կիրակոսյանը: NEWS.am-ի հարցին, թե պրեմիերան Հայաստանո՞ւմ կլինի, Վալերի Մաքքեֆրին պատասխանեց` իսկ դուք կվճարե՞ք մեզ:




























