Նեուկեն նահանգի օրենսդիր մարմինը հայտարարել է, որ կտրականապես մերժում է Ադրբեջանի կողմից հարձակումներն Արցախի հայկական տարածքների դեմ: Թիվ 2982 հռչակագրի միջոցով պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել, որպես հակասությունները լուծելու միջոց ռազմական ուժի կիրառման եւ հայ խաղաղ բնակչության ռմբակոծման կապակցությամբ: Դատապարտվել են Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք չեն նպաստում խաղաղությանը, եւ ապացուցված ռազմական աջակցությունը, որն այդ երկիրը տրամադրում է Ադրբեջանին:

Շնորհակալություն պատգամավոր Սեզար Գասսին իր նվիրվածության եւ համոզմունքի համար, ինչպես նաեւ արտահայտելու համար ճշմարտությունն առ այն որ Հայաստանը հարձակման է ենթարկվել եւ իր պատմության ընթացքում արդեն եղել է Ցեղասպանության զոհ: Շնորհակալություն Նեուկենի օրենսդիր մարմնին:

Նեուկենի օրենսդիր մարմինը հայտարարում է.

Հոդված 1. Կտրականապես մերժում է Ադրբեջանի հարձակումը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ, նրա կողմից ռազմական ուժի կիրառումը եւ հայ խաղաղ բնակչության ռմբակոծումները՝ որպես վեճերի լուծման միջոց:

Հոդված 2. Իր մտահոգությունն է հայտնում եւ դատապարտում Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք չեն նպաստում տարածաշրջանի խաղաղությանը, ապացուցված ռազմական աջակցությունը, որն այն տրամադրում է Ադրբեջանին, ինչպես նաեւ Սիրիայի իսլամական արմատական խմբավորումների վարձկանների ռազմական գործողություններին տարածաշրջան տեղափոխելը:

Հոդված 3. Ակնկալում է, որ Արգենտինայի ԱԳՆ-ն կդատապարտի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հարձակումները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ դաշինքում Սիրիայից բերված վարձկանների օգտագործումը Արցախի եւ Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ իրականացնելու նպատակով:

Հոդված 4. Կապ հաստատել գործադիր իշխանության, Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանությունների եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության հետ:

Հիմնավորում. Այս տարվա սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ հրադադարի ռեժիմի նոր խախտում, որը համաձայնեցվել է 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների կողմից: Հաղորդվում է Ադրբեջանի կողմից Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծի ողջ երկայնքով ռազմական դիրքերի եւ բնակավայրերի վրա հարձակման մասին: Տարածաշրջանում բռնությունների բռնկումը, որը տեղի ունեցավ այս տարվա հուլիսին, հանգեցրել է տասնյակ զոհերի: Հենց հուլիսի 12-ին Ադրբեջանն ուղիղ գրոհ ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելքում գտնվող Տավուշի շրջանի ուղղությամբ:

Այդ գործողություններից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի իշխանություններn «անհեթեթություն» որակեցին հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք ընթանում են Մինսկի խմբի հովանու ներքո, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Ադրբեջանի կառավարության եւ նրա վարչախմբի արհամարհանքը բանակցությունների նկատմամբ խթանում է հայատյացությունը եւ վտանգավոր ռազմատենչ արշավը:

Հայաստանը պատմական առճակատում ունի Թուրքիայի հետ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու արդյունքում: Թուրքիան անհեթեթ ժխտողական դիրքորոշում է որդեգրել: Ինչպես ճիշտ բնութագրում է դոկտոր Ռոբերտո Մալխասյանը, ցեղասպանության հանցագործությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ թե Նյուրեմբերգի տրիբունալի հայտնագործությունն էր, այլ այն ճանաչվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով, ըստ որի ցեղասպանությունը հանցագործություն է հանդիսանում միջազգային իրավունքի տեսանկյունից, որի բազմաթիվ օրինակներ կան պատմության մեջ: Այս իմաստով, 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության համակարգված ժխտումը նպաստել է նրան, որ հետագայում նացիզմը կարողացավ կրկին իրագործել այդ հանցագործությունը: Նեուկենի օրենսդիր մարմինը միշտ հանդես է եկել խաղաղության օգտին եւ պատերազմի աղետի դեմ՝ հռչակելով հարգանք ազգերի ինքնորոշման իրավունքի ազատության հանդեպ: