Քրիստոնյա ժողովրդի հողի վրա իսլամիստական ագրեսիան եւ էքսպանսիան չպետք է 21-րդ դարի իրողություն լինեն, սակայն դա այդպես է: Ինչն ավելի վատ է, այսօրվա կոնֆլիկտում ագրեսորները ստանում են ԱՄՆ-ի արտասահմանյան օգնությունը: Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն պատասխանի հայերի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակմանը: Այս մասին Newsweek-ում իր հոդվածում գրում է Գեւին Վաքսը.
«Հարյուրավոր մարդիկ, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվում, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծանր բախումների երկրորդ շաբաթը պոտենցիալ վերածվում է երրորդ շաբաթի:
Արցախի Հանրապետության բնակչության 99%-ը հայեր են: Լինելով աշխարհում հնագույն քրիստոնեական պետությունը՝ այն մնում է իսլամիզմի ոտնձգությունների ճակատ: Հողի համար պայքարը պաշտոնապես շարունակվում է Խորհրդային Միության փլուզման պահից, սակայն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիրը պահպանել է հարաբերական անդորրը մինչեւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից լուրջ էսկալացիան: Տարածաշրջանային փորձագետ Թոմաս դե Վաալն Ադրբեջանին ագրեսոր է անվանել:
Հայաստանը մեղադրել է նաեւ Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջը, հարձակումը նախաձեռնելու մեջ: Թուրքիայի գործողությունները պայմանավորված են նեոօսմանական կայսրություն ստեղծելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ջանքերով:
Հաղորդվում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ների միջոցով եւ հավաքագրում սիրիացի գրոհայանների, որոնց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վարձել էր սիրիական կառավարությունը տապալելու համար: Քանի որ վարձկան գրոհայինները ձախողել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու իրենց առաքելությունը, նրանք իրենք իրենց դրսեւորելու վճարովի հնարավորության հուսահատ կարիք ունեն:
Մտածեք այդ մասին: Այն «չափավոր ապստամբ» իսլամիստները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ ամերիկյան սպառազինություն են ստացել, այժմ ներգրավված են քրիստոնյա համայնքի բռնի գրավման մեջ:
Պարտադիր չէ, որ դա նշանակի, թե ԱՄՆ կառավարությունը կամ զինվորականները պետք է կարգ հաստատեն: Մեծ է հավանականությունը, որ ուղիղ միջամտությունը միայն կվատացնի վիճակը:
Սակայն «Ամերիկան՝ ամենից առաջ» աշխարհաքաղաքական հեռանկարը երբեք չպետք է թերագնահատի ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը, ներառյալ՝ առեւտրային պատժամիջոցներ սահմանելու, Հարավային Կովկասում այդ թվում Թուրքիայի կողմի չարամիտ պահվածքի համար կանխելու նրանց կարողությունը:
Բացի անուղղակի օգնությունից եւ լոբինգից, որոնք ԱՄՆ-ը ցուցաբերում է Թուրքիայի անունից միջազգային մակարդակում, այդ երկիրը ստանում է մոտ 153 մլն դոլար որպես արտասահմանյան օգնություն: Ադրբեջանը ստանում է մոտ 14 մլն դոլար: Լավ կլիներ սկզբի համար այդ դոլարները տանը պահել:
Բացի այդ, Թուրքիան պետք է բացառվի ՆԱՏՕ-ից: Այս մասին Կոնգրեսում խոսում են արդեն մեկ տարուց ավելի:
Եթե ԱՄՆ-ը բավարար ճնշում չգործադրի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի մարտական գործողություններին, ապա ակնհայտ է, որ այլեւս պատճառ չի լինի շարունակելու աջակցությունն այդ երկրներին կամ նույնիսկ պահպանելու ռազմավարական գործընկերությունը:
ԱՄՆ-ը շահագրգրռված է Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ժողովուրդների պահպանման հարցում:
Իրաքում իսլամիզն աճել է գրեթե 1,5 մլն իրաքցի քրիստոնյաների հաշվին, որոնցից շատերն այլեւս չկան: Իրաքում եւ Սիրիայում քրիստոնեական եկեղեցիների եւ հուշարձանների հետագա փլուզմանը հետեւելն անօգուտ է: Արդյունքում միայն աճել են սպառնալիքներն ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Հայերն արդեն կորցրել են իրենց քրիստոնեական մշակութային ժառանգության մեծ մասը Խորհրդային միության տարիներին, իսկ մինչ այդ՝ Հայոց ցեղասպանության շրջանում: Արցախի Հանրապետությունում պահպանվել է մի քանի հուշարձան, այդ թվում IV դարի վանք: Պաշտպանելու համար այն, ինչ մնացել է, ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը, քանի որ հայերի մոտ չկան ո՛չ ամբիցիաներ, ո՛չ ցանկություն՝ գրավել հողեր իր սահմաններից դուրս:
«Ամերիկան՝ ամենից առաջ» արտաքին քաղաքականությունը պետք է հետագայում եւս ստվեր նետի ստատուս-քվոյի արտաքին քաղաքականության վրա, եւ առաջին կարեւոր քայլը կարող էր լինել ցանկացած օգնության դադարեցումը նրանց, ովքեր փլուզում են Հայաստանի քրիստոնեական քաղաքակրթությունը»:





























