2010 թ. հունվարին Apple ընկերությունը թողարկեց առաջին սերնդի iPad-ը, որի վաճառքն սկսվեց ապրիլին Նյու-Յորքում: Վեց ամիս անց iPad-ը մտավ Հայաստան` «Orange Արմենիա» ընկերության միջոցով:

Երկրորդ սերնդի iPad-ը առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 2011թ.-ի մարտին Սան Ֆրանցիսկոյում, իսկ դրա վաճառքը սկսվեց արդեն մարտի վերջին: Մեկ ամիս էլ չանցած այն սկսեց վաճառվել նաեւ Հայաստանում` iPhone.am, my notebook.am ինտերնետ-խանութ սրահներում: Այսպիսով` Հայաստանը բավականին արագ արձագանքեց տեխնոլոգիական առաջընթացին:

iPad-ը կամ Apple Tablet-ը իրենից ներկայացնում է սմարթֆոն (Smartphone) եւ միաժամանակ դյուրակիր համակարգիչ (Laptop):

iPad-ը համարվում է սենսորային տեխնոլոգիաների վերջին նվաճումը: Իր տեսակով iPad-ը միջանկյալ տեղ է զբաղեցնում սմարտֆոնի եւ նոթբուքի միջեւ:

«Ի տարբերություն առաջին սերնդի iPad-ի, iPad-2-ը ունի տեսախցիկ, պրոցեսորը 2 անգամ հզոր է, վիդեոկարտան 9 անգամ հզոր է իր նախորդ տարբերակից»,-NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց iPhone.am խանութ-սրահի վաճառքի գծով մենեջեր Արամ Թադեւոսյանը: Նրա խոսքով` iPad-ի եւ iPad-2-ի տարբերությունը դեռեւս տեսանելի է միայն տեսախցիկի մեջ առումով` մարդիկ այն գնում են հիմնականում տեսազանգեր կատարելու համար: Ա. Թադեւոսյանի խոսքով` iPad-2-ի հնարավորությունները ավելի տեսանելի կլինեն, երբ ի հայտ գան նոր ծրագրեր, եւ նոր խաղեր կգրվեն:

Ինչ վերաբերում է գնային տարբերությանը, ապա iPad-2-ը առաջին սերնդի iPad-ից թանկ է ընդամենը 100 հազ. դրամով: Wi-Fi 3G 16ԳԲ հզորությամբ iPad-ը արժե 299 հազ. դրամ, իսկ նույն պարամետրերով iPad-2-ը` 399 հազ.դրամ:  Ա. Թադեւոսյանը iPad-2-ի վաճառքի ծավալների մասին չնշեց, սակայն ասաց, որ ներկայումս վաճառվող 10 iPad-ներից ընդամենը 1-ն է պատկանում առաջին սերնդին:

«iPad-ի վաճառքի ծավալները ընկան դեռ այն ժամանակ, երբ Apple ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է թողարկել iPad-2-ը»,-ասաց NEWS.am-ի զրուցակիցը:

Mynotebook.am խանութ սրահի վաճառող-խորհրդատու Արսեն Մեսրոպյանի խոսքով՝ ներկայումս iPad-ների գնումները մի փոքր քչացել են: Սակայն իրենց գնորդները ավելի շատ նախընտրում են առաջին սերնդի iPad-ին` հավանաբար սպասելով iPad-2-ի գների նվազմանը։

Ա. Մեսրոպյանի խոսքով՝ iPad-2- ը առաջին սերնդի iPad-ի համեմատ ունի մի շարք առավելություններ. 2 տեսախցիկ, ավելի բարակ է եւ թեթեւ, ավելի հզոր արագություն ունի եւ այլն։ Ի դեպ iPad-2-ը տալիս է նաեւ գունային ընտրության հնարավորություն. սեւ եւ սպիտակ։   

Մեր հարցումները ցույց տվեցին, որ համակարգչային խանութների բացարձակ մեծամասնությունում, այնուամենայնիվ, iPad-եր չեն առաջարկվում: Մեր հարցմանը ենթարկված երրրոդ վաճառակետը, որտեղից դրական պատասխան ստացվեց` VD COMPUTERS է: Այդ ընկերության վաճառքի մենեջեր Տիգրան Միրոյանի խոսքով՝ իրենք ունեցել են iPad, որը վաճառվել է, իսկ կականց միամսյակի հետ կապված անգամ ակցիա է եղել եւ վաճառքում եղած iPad-երը շատ արագ սպառվել են։ Ս. Միրոյանի խոսքով՝ իրենք առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում կստանան iPad-ի եւ առաջին, եւ երկրորդ սերնդի նմուշներ։