Հանրապետական կուսակցությունում չեն բացառում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդգրկվի ՀՀԿ խորհրդարանական նախընտրական ցուցակում: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նախ հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Գագիկ Բեգլարյանին առաջարկվել է առաջադրվել ԱԺ առաջիկա ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։
«Նման հարց կուսակցությունում չի քննարկվել: Այդ խոսակցությունները ժողովրդական բանահյուսության շարքից են, որոնք կուսակցության հետ կապ չունեն»,-նշեց նա: Թադեւոսյանը միաժամանակ հավելեց, որ կուսակցությունում առայժմ որեւէ նախընտրական ցուցակ չի քննարկվում, քանի որ այդ հարցը ժամանակավրեպ է:
Այդուհանդերձ, ՀՀԿ խորհրդի անդամը միաժամանակ չբացառեց, որ ցուցակում ընդգրկվի նաեւ Գագիկ Բեգլարյանը: «Նա մեր կուսակցական ընկերն է, եւ ամեն մեկն ըստ իր կարգի եւ ըստ իր գործունեության կարժանանա ղեկավարության համապատասխան մոտեցմանը: Որեւէ սահմանափակում կամ պրոբլեմ այդ դաշտում մեզ համար չկա»,-հայտարարեց Թադեւոսյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանը հակված է համաձայնել մաս կազմել ՀՀԿ համամասնական ցուցակին: Նրան արված առաջարկը պայմանավորված է քրեական աշխարհում ունեցած կապերով եւ բարձր հեղինակությամբ: ՀՀԿ-ն մտադիր է Բեգլարյանի միջոցով օգտագործել քրեական աշխարհի «ներուժը»` իր օգտին ձայներ ապահովելու համար:




























