Facebook սոցիալական ցանցում մի խումբ ակտիվիստներ պահանջում են Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հրաժարականը: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի`  Facebook-ի էջում ակտիվիստները բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել` նշելով, որ Նարեկ Սարգսյանի վերադարձը հավասարազոր է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, նա Գրիգոր Ամալյանն է ճարտարապետության ոլորտում եւ այլն: Սոցիալական ցանցում հիշեցնում են, որ Նարեկ Սարգսյանի՝ հասարակական բոլոր բողոքներն անտեսելու արդյունքում կայացրած կառուցապատման որոշումներով են մասնակիորեն կամ ամբողջովին ոչնչացվել Դալմայի այգիների, Հաղթանակի զբոսայգու, Օղակաձեւ զբոսայգու, Սարյանի այգու, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Օպերայի սրճարանների կանաչ տարածքները, կատարվել բազմաթիվ ծառահատումներ, կառուցվել Հյուսիսային պողոտան, բազմաթիվ բենզալցակայաններ, Ժամանակակից արվեստի թանգարանի անվան տակ խանութների շարք կառուցելը Մաշտոցի պողոտա 13 հասցեում եւ այլն:  «Պարոն Կարեն Կարապետյան, Նարեկ Սարգսյանին նշանակելով այդ պաշտոնին հարվածում էք ինքներդ  Ձեր` առանց այդ էլ խարխուլ վարկանիշին.....: Դուք մտածեք, միևնույն է, նա ինչ վատություն կարող էր արդեն արել է, մենք էլ կորցնելու բան չունենք......»,- գրել էր ֆեսյբուքցիներից մեկը` ներկայացնելով այս առթիվ կատարված հարցման արդյունքները, համաձայն որի`  հարցվածների 90 տոկոսը դեմ է Նարեկ Սարգսյանի պաշտոնավարմանը:

Իսկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը վերջերս Facebook-ի իր էջում, անդրադառնալով Երեւանի գլխավոր ճարտարապետի նշանակմանը, գրել է. «Նարեկ Սարգսյանի նշանակման ժամանակ հաշվի է առնվել իր անվան հետ կապված թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքները, ինչպես նաեւ իր դրական եւ բացասական փորձը։ Սա կարող է օգտակար լինել՝ (անցյալը վերլուծելով), ավելի արդյունավետ եւ համակարգված կառավարիչ լինել: Հավաստիացնում եմ, որ գլխավոր ճարտարապետը հավատարիմ կլինի այն քաղաքականությունը, որը որդեգրել է քաղաքապետարանի թիմը. այն է՝ կանաչ գոտիների հաշվին ոչ մի շինթույլտվություն չի տրվելու, Երեւանի քաղաքաշինական եւ ճարտարապետական փիլիսոփայությանը հակասող որևէ նախագիծ կյանքի չի կոչվելու»,- գրել էր նա` առաջարկելով քննարկումները հետաձգել մի քանի ամսով եւ արդեն հիմնվել կատարված աշխատանքների վրա:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Երեւանի նոր գլխավոր ճարտարապետին` Նարեկ Սարգսյանին: Դրանից առաջ իր իսկ դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Միքայել Հասրաթյանի հրաժարականի պատճառներից է նրա անհամաձայնությունը Երեւանում մի շարք քաղաքաշինական նախագծերի հարցում, որոնց հեղինակը ներկայումս Հայաստանի գլխավոր ճարտարապետ եւ Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանն է: