Հայ քաղաքական գործիչները մայիսի 25-ին` վերջին զանգի օրը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարոտով հիշեցին եւ պատմեցին իրենց վերջինզանգյան հուշերը, պատանեկան սերը, խմիչքը չարաշահելն ու մեքենա գողանալը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, 62-ամյա Վարդան Բոստանջյանի համար ծնողները ծանոթով արտասահմանից թանկարժեք կոստյում բերել չէին տվել: Կոստյումի եւ փողկապի սիրահար պատգամավորն իր վերջին զանգին եւս կոստյում է հագել եւ փողկապ է կապել: Նա պատմեց, որ իրենց տարիներին ամեն ինչ ավելի զուսպ էր եւ անկեղծ, վերջին զանգին էլ երիտասարդներով ուրախացել են: Այդ օրը շատ խմելու կամ մեքենա գողանալու համար նա ծնողների զայրութին չի արժանացել, քանի որ նման բան չի արել: Գերազանցիկ աշակերտ Վարդան Բոստանջյանը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ ու խելացիությամբ. «Երբեւէ «դոդ գլուխ» չեմ եղել, բայց եւ գերազանցիկ եմ եղել, անգիր անող չեմ եղել, սովորելու նկատմամբ միշտ սեր եմ ունեցել անհագուրդ»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը: Վերջին զանգի միջոցառումը հենց նա է վարել, բայց իր վերջինզանգյան միջոցառումից որեւէ բանաստեղծություն չի հիշում փոխարենը շատ է սիրում Պ. Դուրյանի «Լճակը» բանաստեղծությունը: Ինչ վերաբերում է այդ տարիների սերերին, ապա չլինելով սենտիմենտալ` Վարդան Բոստանջյանը այդ ժամանակ սիրահարված չի եղել:
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ից Սամվել Նիկոյանի վերջին զանգին որեւէ առանձնահատուկ միջադեպ չի գրանցվել. «Գյուղում էր, շատ անկաշկանդ ու ազատ: Չափավոր էինք խմում: Հարբեցողություն, էքստրեմալ իրավիճակները չի եղել»,- ասաց նա: Իր վերջին զանգի զուգընկերուհուն հիշելու մասին հարցը լսելով` Սամվել Նիկոյանը մի լավ ծիծաղեց եւ ասաց` «Ինձ մի հիշեցրեք իմ զույգի մասին, թույլ տվեք չպատասխանել ձեր հարցին»:
Փոխարենը`ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը կարոտով հիշեց իր ավարտական երեկոն, երբ աղջիկները գեղեցիկ երեկոյան զգեստ էին հագել, իսկ տղաները` սպիտակ վերնաշապիկ, կոստյում եւ փողկապ: «Ես այն ժամանակ շատ համեստ էի, հայրս մահացել էր, մենք հինգ երեխա էինք, չէի ասի, որ կարիքավոր էինք, բայց համեստ ենք ապրել»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Անդրադառնալով ծնողական ապտակին` նա նշեց, որ իրենց ժամանակ ապտակին փոխարինում էր գոտիով հարվածը, բայց 14 տարեկանից հետո ոչ ոք չի համարձակվել Կարապետվիչին ապտակել ոչ ձեռքով, ոչ գոտիով:
Տիգրան Կարապետյանը հիշում է իր վերջին զանգի ընկերուհուն. «Լավ զգացմունքներ ունեի նրա հանդեպ, սիրահարված էի»,- անկեղծացավ նա: Տիգրան Կարապետյանը բեմում չի արտասանել, քանի որ «շատ ծանր տղա էր», բայց իր զուգընկերուհու հետ վալս է պարել: ԺԿ նախագահն ասաց, որ նորմալ վալս էր պարում, դպրոցում էլ լավ էր սովորում, չնայած գերազանցիկ չէր:
Հայրենի գյուղում 22 տարի առաջ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ավարտեց դպրոցը: Ծնված լինելով համեստ կարողությունների տեր ընտանիքում`Արծվիկ Մինասյանը առանձնակի շքեղություններ չէր կարող իրեն թույլ տալ. «Սպիտակ վերնաշապիկ, կոստյում, փողկապ, որը քեֆի ժամանակ իր տեղում չէր լինում»,- հիշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ վերջին զանգին ինքը լավ վիճակում էր, այսինքն`այնպես չէր, որ հարբած լիներ, բայց նաեւ շատ սթափ չէր: Վերջին զանգին չափն անցնել չի եղել, քանի որ խիստ էին ծնողների կողմից կիրառվող պատժամիջոցները: Պատանեկան հրապուրանքներ Արծվիկ Մինասյանի մոտ եւս եղել են, ըստ որում` նա միշտ սիրահարվել է իրենից տարիքով մեծ աղջիկների:



























