Հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման խնդրի առաջ մենք կանգնել ենք այն պահից, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դրվել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում: Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը անկախության հռչակագրում եւ Սահմանադրության մեջ հստակ նշվել է, որ հայ ժողովուրդը հետապնդելու է ցեղասպանության հարցը: «Դրանով Հայաստանը հայտարարեց, որ կա պատմական փաստ՝ Հայոց ցեղասպանություն, որը պետք է ճանաչվի դատապարտվի եւ դա սակարկման ենթակա չէ: Անշուշտ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեին Սփյուռքին՝ տարբեր երկրներում Ցեղասպանության ճանաչման համար` առանց հռչակելու, որ դա մեր արտաքին քաղաքականության օրակարգում է: Այնպես չէ, որ մեր գեղեցիկ աչքերի համար էին տարբեր երկրներ ընդունում ցեղասպանությունը»,- հավելեց նա:
«Սակայն այն պահից, երբ Հայաստանը 1998-ից սկսյալ հայտարարեց, որ Ցեղասպանության հետապնդումը դառնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկը, այդ հարցը դարձավ սակարկման առարկա եւ դրա պտուղներն ենք քաղում 11 տարի անց: Դա տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, ինչի գագաթնակետը եղավ այն պատմական հանձնաժողովը, որի մասին այսօր խոսվում է: Ընդ որում, վերջերս Թուրքիայի նախագահի եւ վարչապետի կողմից հնչեցվեց, որ իրենց համար ընդունելի կլինի այդ հանձնաժողովի եզրակացությունը: Այսինքն այդ հանձանժողովը դեռ եզրակացություն է տալու, թե արդյո՞ք այդ ոճրագործությունը եղել է, թե` ոչ, որը չի կարող ընդունելի լինել»,- ընդգծեց ԱԳ նախկին նախարարը:




























