Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։

Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երեւանի տարբեր մասերում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին որոշ փողոցներ։

Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում մեքենաներից մեկը, որի ճանապարհը փակել էին քաղաքացիները,  միտումնավոր վրաերթի էր ենթարկել նրանց։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի եւս յոթ բնակավայր հանձնվում են Ադրբեջանին։

Փողոցը փակած քաղաքացիներին վրաերթի ենթարկեցին