Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվի ռազմական շքերթում իր մեջբերած բանաստեղծության զգայունության մասին, գրում է Mehr-ը:

«Նշելով երկու երկրների սերտ եւ բարեկամական հարաբերությունները՝ Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Զարիֆը նշել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական հարաբերությունների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ ապագայում երկու կողմերն էլ կընդլայնեն երկկողմ կապերը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել էր Անկարայում Իրանի դեսպանին:

Ըստ նրա տվյալների՝ իրանցի դիվանագետին փոխանցվել է Անկարայի արձագանքը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքներին»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում թուրքական հանրապետության նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետեւում է մնացել»:

Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված Բաքվի զորահանդեսում, արտասանել էր Արազ գետը հիշատակող բանաստեղծության տողերը: Խոսքը այն մասին էր, որ «գետը ուժով բաժանվել է» երկրների միջեւ: