Դեկտեմբերի 16-ից հունվարի 10-ը Գերմանիայում խիստ հակահամաճարակային սահմանափակումներ են գործում, հայտնում է DW-ն: https://www.dw.com/
Բոլոր մանրածախ վաճառքի կետերը փակ են, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, օպտիկայի խանութների, բենզալցակայանների, ավտոմեքենաների եւ հեծանիվների վերանորոգման արհեստանոցների, բանկերի եւ փոստի բաժանմունքների, լվացքատների եւ քիմմաքրման կետերի: Բացի այդ, չի թույլատրվում նաեւ վարսավիրանոցների աշխատանքը:
Սրանից առաջ արդեն փակվել էին թանգարանները, մարզադահլիճները, լողավազանները, թատրոնները, գեղեցկության սրահները, կոսմետիկ ստուդիաները, դաջվածքների սրահները եւ մի շարք այլ սպասարկման հաստատություններ: Ռեստորաններն եւ սրճարաններն աշխատում են միայն առաքմամբ: Դպրոցի աշակերտները տեղափոխվում են հեռավար ուսուցման, մանկապարտեզ հաճախող երեխաները պետք է տանը մնան: Եկեղեցական արարողությունները թույլատրվում են սահմանափակումներով:
Սահմանափակումներ են մտցվում նաեւ մասնավոր միջոցառումների համար. հյուրերի առավելագույն թույլատրված թիվը, ովքեր այժմ կարող են գտնվել մեկ բնակարանում, հինգ մարդ է, եւ նրանք պետք է լինեն առավելագույնը երկու ընտանիքից, ընդ որում, երեխաները հաշվի չեն առնվում: Սուրբծննդյան տոներին թույլատրվում է հյուրեր հրավիրել, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի չորս անձը:
Լիտվայում ավելի խիստ կարանտինային միջոցառումների ներդրման հետ կապված խանութների մեծ մասը փակ է, եւ սահմանափակվել է մարդկանց` առանց հիմնավոր պատճառի տներից դուրս գալը: Կարանտինը կտեւի դեկտեմբերի 16-ից հունվարի 31-ը: Կրթական հաստատությունները տեղափոխվել են հեռավար աշխատանքի, սակայն մանկապարտեզները երեխաներ կընդուն, եթե նրանց ծնողները չեն կարող աշխատել հեռավար ռեժիմով: Մինչեւ հունվարի 3-ը երկիրը կսահմանափակի անձանց ուղեւորությունները նրանց բնակության տարածքի սահմաններից դուրս, բացառությամբ հարազատների մահվան, աշխատանքի կամ բժշկական օգնություն ստանալու հետ կապված դեպքերի: Մեկից ավելի ընտանիքի հետ սերտ շփումներն արգելվում են:





























