Չինական Shanghai Fosun Pharmaceutical Group դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն 100 միլիոն դեղաչափ կգնի, որը մշակվել է գերմանական BioNTech ընկերության կողմից, հաղորդում է AFP-ն:
Ներկայումս Չինաստանն ինքնուրույն է COVID-19-ի դեմ հավանական պատվաստանյութեր մշակում, սակայն տեղական ընկերությունները եւս աշխատում են արտասահմանյան գործընկերների հետ` երկիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով ապահովելու ուղղությամբ:
Չինական ընկերությունը հայտնել է, որ իր դուստր ձեռնարկությունը պայմանագիր է կնքել գերմանական ընկերության հետ` Չինաստան պատվաստանյութերի մատակարարումներն ապահովելու համար` ընդ որում, հավելելով, որ մինչեւ տարեվերջ 125 միլիոն եվրո կվճարի 50 միլիոն դեղաչափի համար:
Նա նաեւ հայտարարել է, որ մնացած 125 միլիոն եվրոն կվճարի Չինաստանում գերմանական պատվաստանյութի առեւտրայնացման թույլտվությունը ստանալուց հետո:
Համաձայնագրում չի նշվում, թե երբ կմատակարարվի մնացած 50 միլիոն դեղաչափը:
Հիշեցնենք, որ Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութն արդեն հաստատվել է արտակարգ օգտագործման համար այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Սինգապուրը:





























