ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը եւ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։

Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար Վ. Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է իրականացվող  ծրագրերի շարունակականությամբ եւ պատրաստակամ է զարգացնել այդ գործընկերությունը։

«Ցավոք, ամբողջ աշխարհում համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաեւ կրթական համակարգի վրա։ Բացի դրանից՝ մեր երկիրն անցավ սարսափելի պատերազմի միջով, եւ մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ երկրի անվտանգության եւ զարգացման հիմքում միանշանակ ընկած է կրթությունը։ Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, դժբախտաբար, գտնվում է անմիջական վտանգի ներքո, հետեւաբար մենք կարեւորում ենք համամարդկային այդ արժեքների պահպանությունը, այդ թվում՝ առաջադեմ մարդկության ջանքերի շնորհիվ»,-նշել է նախարարը եւ շեշտել, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն անբաժանելի են, եւ բնագիտական ուղղություններին հատուկ կարեւորություն է տրվելու։ Վ. Դումանյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում, որը հանդիսանում է կրթության հիմքը, բարեփոխումները եւս կշարունակվեն։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն Վահրամ Դումանյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ փաստել, որ ՀԲ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանի գործընկերը կրթության ոլորտում՝ սկսած վաղ մանկությունից մինչեւ բարձրագույն կրթության ոլորտ։ Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ համատեղ իրականացվող ծրագրերից մեկը մոտենում է ավարտին, եւ անհրաժեշտ է նախանշել հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները։ Սիլվի Բոսութղոն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։

«Հայաստանի մարդկային ներուժն ահռելի է, եւ դա պետք է օգտագործել՝ ի նպաստ ՀՀ տնտեսության եւ հասարակության զարգացման։ Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, շարունակի ապրել եւ լիարժեք իրացնել այդ ներուժը»,- ասել է Սիլվի Բոսութղոն։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին՝ վերջերս հրապարակված մաթեմատիկայի եւ բնագիտության 2019 թվականի միջազգային գնահատման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մեր երկիրն արձանագրել է 42 միավորային կետով բարելավում, ինչը, ըստ նրա, ահռելի առաջընթաց է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ՀԲ-ի հետ իրականացվող «Կրթության բարելավում» եւ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրերի բարեհաջող ընթացքին՝ որպես գործընկեր ընդգծելով բանկի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա նաեւ ներկայացրել է 2021-25 թթ. կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ երկու ծրագրերի շրջանակում իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ առարկայական չափորոշիչների մշակման, հետագայում դրանց ներդրման, ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման, դասագրքրեի փոփոխության եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներին։ Փոխնախարարը կարեւորել է նախակրթարանների հիմնման, ավագ դպրոցների հիմնանորոգման, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցով բուհերում լաբորատորիաների կազմավորման գործընթացները։ Նա նաեւ շեշտել է համավարակի պայմաններում մեկ այլ կարեւոր համագործակցության՝ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների մոդելի գծագրման եւ դաստիարակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաեւ մարզային 101 ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որեւէ առարկա չի դասավանդվում, հեռաուսուցման լաբորատորիաներ ստեղծելու մասին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա աշխատանքային քննարկումների ընթացքում առավել մանրամասն եւ հստակ կնախանշվեն համագործակցության ուղղությունները։