Առնվազն 9 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Ճապոնիայի Նիիգատա և Հյոգո պրեֆեկտուրաներում ձյան առատ տեղումների պատճառով, որոնք արդեն երրորդ օրն է շարունակվում են երկրի մի քանի մարզերում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NHK-ը:
Առավել բարդ իրավիճակ է Նիիգատայում, որը գտնվում է Ճապոնական ծովի ափին: Դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերից այնտեղ մոտ 2 մետր տեղումներ են տեղացել, ինչը տրանսպորտային կապերի խափանման է հանգեցրել: Հարյուրավոր տրանսպորտային միջոցներ արգելափակվել էին լեռնային շրջաններով անցնող մի քանի մայրուղիներին: Նրանցից շատերն անցած ամբողջ գիշեր անշարժ կանգնած էին:
Գնացքների աշխատանքը խաթարվել է նաեւ Տոկիոն եւ հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրան կապող երկաթուղային գծերից մեկի վրա:
Ճապոնիայում ձյան տեղումներից տուժածների ընդհանուր թիվն այս պահի դրությամբ շուրջ 15 մարդ է: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ վարչապետի աշխատակազմին կից ճգնաժամային շտաբ է ստեղծվել` ձյան տեղումների հետեւանքների վերացման ուղղությամբ գործողությունների համակարգման համար:





























