ԵՄ անդամ երկրները 10 օրից՝ դեկտեմբերի 27-ից, կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդում է Reuters-ը:

Պատվաստման սկիզբը հաստատել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Գերմանիայում մենք կսկսենք պատվաստումը դեկտեմբերի 27-ից: ԵՄ այլ երկրներ եւս ցանկանում են սկսել պատվաստումն այդ օրվանից»,-ասել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը:

Որպես ԵՄ անդամ՝ Գերմանիան պարտավոր է սպասել Դեղերի եվրոպական գործակալության պատվաստանյութի հավանությանը: Ակնկալվում է, որ կարգավորիչը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ դեկտեմբերի 21-ին:

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ դեկտեմբերի 23-ին բլոկը կարող է վերջնական հավանություն տա Pfizer-ի եւ նրա գործընկեր BioNTech-ի մշակած պատվաստանյութին:

«Դեկտեմբերի 27-ին, 28-ին եւ 29-ին կսկսվի ԵՄ ողջ տարածքում պատվաստումը»,-գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Թվիթթերի իր էջում:

Իր հերթին, Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ կսկսեն բուժաշխատողների պատվաստումը դեկտեմբերի 27-ին: Նույն օրը կսկսվի պատվաստումը նաեւ Ավստրիայում՝ հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: