Իսրայելը երրորդ ազգային կարանտինն է մտցնում` COVID-19-ով վարակման դեպքերի թվի աճի պատճառով: Այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հայտնում է AP-ն:

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն կիրակի երեկոյան եւ կտեւեն 14 օր` մինչեւ կառավարության վերջնական հաստատումը, ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ: Սահմանափակումները խանութների փակում, հասարակական տրանսպորտի սահմանափակում, դպրոցների մասնակի փակում եւ տնից դուրս գալու սահմանափակումներ են ներառում, բացի աշխատավայրեր գնալու, որոնք բաց են մնալու, եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով:

Ինչ վերաբերում է քրիստոնյա փոքրամասնությանն Իսրայելում, ապա Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սուրբծննդյան տոներին պատարագները կսահմանափակվեն միայն 10 մարդով տարածքի ներսում եւ 100 մարդով բաց հարթակներում:

Ինը միլիոն բնակչությամբ Իսրայելում մինչ օրս կորոնավիրուսով վարակման ավելի քան 385.000 դեպք է գրանցվել եւ 3.150 մահվան դեպք: Առողջապահության նախարարությունը չորեքշաբթի հայտարարել էր, որ Միացյալ Թագավորություններում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամով վարակված չորս մարդ է գրանցել: