ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել  Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգեւատրման արարողությունը:

Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած տարին մեզ համար դժվար, բարդ եւ ողբերգական էր, բայց գտնվել են մարդիկ, որոնք ունեցել են ստեղծագործական աշխատանքը չընդհատելու խիզախություն:

«Արվեստագետի ճանապարհը չի կարող հեշտ լինել. այն դժվարությունների եւ որոնումների ճանապարհ է: Հետեւողականությունը,  լավատեսությունը եւ հաջողության հասնելու համառությունն են ապահովում արդյունք»,-  նշել է նախարարի տեղակալը` պատանի կոմպոզիտորներին մաղթելով ստեղծագործական ձեռքբերումներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 7-րդ տարին անընդմեջ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ եւ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: Միջոցառումն այս տարի կազմակերպվել է առցանց ձեւաչափով: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի որոշվել է մրցույթի տեղերը հատկացնել լավագույն 10 մասնակիցներին` չառանձնացնելով մրցանակային տեղեր:

Ընտրված պատանի կոմպոզիտորների` Արաքս Աշճյանի, Գրիգորի Բալասանյանի, Արիանա Վարդանյանի, Սարգիս Առաքելյանի, Արմեն Գեւորգյանի, Սյուզաննա Աղամալյանի, Ռուբեն Ավագյանի, Էդգար Մխիթարյանի, Ալեքսանդր Տոնիկյանի եւ Էդուարդ Ալլեքսանյանի ստեղծագործությունները մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մեկ միասնական տեսանյութով հեռարձակվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի կոմպոզիտորների միության  մշակութային հարթակներում: