Հայաստանի ներքին տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակի սուբյեկտիվ գործոնները վկայում են ոչ այդքան դրական ազդանշանների, եւ որքան շուտ իրավիճակը կառավարման համակարգում կարգավորվի, այնքան ավելի լավ: Այս մասին հունվարի 29-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Փորձագետն իրադարձությունների զարգացման երկու հավանական սցենար է կանխատեսում. եթե իրավիճակը տեսանելի ապագայում կարգավորվի, ապա հնարավոր է, որ տարվա կեսին հնարավոր լինի 2-3 տոկոս տնտեսական աճի հասնել, այլապես զրոյական աճ կամ նույնիսկ ռեցեսիա կարելի է ակնկալել:

Կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակումը, նրա խոսքով, եւս կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա` կախված նրանից, թե ինչպես կկատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Կարեւոր է հասնել նրան, որպեսզի այս գործընթացում արդարացի մոտեցումներ կիրառվեն, քանի որ մինչ այժմ հաշվի են առնվում միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը: Այսօր քննարկվող տարբերակը Հայաստանին ոչինչ չի տա: Եթե ​​ներքին կոմունիկացիաները չապահովվեն, ապա այս ամենը ձեւական բնույթ կկրի: Արցախի բնակիչները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել Արցախի տարածքում»,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում տեղի ունեցող գործընթացներին, ապա, ըստ փորձագետի, Հայաստանը շահել է անդամակցությունից այս Միությանը:
«Միեւնույն ժամանակ, կարեւոր է ամրապնդել բազմակողմ կապերը ԵԱՏՄ բոլոր երկրների միջեւ: Ցանկալի է, որպեսզի մենք մտածենք համատեղ ձեռնարկությունների մասին` երրորդ շուկաներ մտնելու համար, այդ թվում` ռազմարդյունաբերական համալիրների ոլորոտում: Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների մասով»,- հավելեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Սոթքի հանքավայրի հետ կապված իրավիճակին, Մանասերյանը շեշտեց, որ այնտեղ աշխատանքները կաթվածահար են եղել, քանի որ տեխնոլոգիական ցիկլը որոշ չափով խաթարվել է:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է նշանակալի դեր ունենալ այս հարցում, մասնավորապես` երրորդ կողմի հետ որոշակի պրագմատիկ մոտեցումների որոնման գործում»,- եզրափակեց նա: