Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ կրթություն եւ պատրաստել աշխատաշուկայի պահանջները բավարարող բարձրակարգ մասնագետներ:

«Համալսարանի եւ քաղաքապետարանի միջեւ ավանդաբար ձեւավորված համագործակցության ընդլայնումը կարեւորվում է ոչ միայն ճարտարապետության, այլեւ շինարարության, տրանսպորտի, ենթակառուցվածքների ոլորտներում: Համալսարանը պատրաստ է իր մասնագետների եւ տեխնիկական հնարավորություններով նպաստել քաղաքի զարգացմանը»,- նշել է ռեկտորը:

Խոսելով երկու կառույցների համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության նշված ոլորտներն անչափ կարեւոր են քաղաքի զարգացման համար եւ վստահեցրել, որ քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցության ընդլայնման գործում:

«Իրականում մեծ են մեր համագործակցության եզրերը՝ սկսած նրանից, որ մենք կարող ենք ասել՝ ինչ իրական խնդիրներ ունենք եւ ըստ այդ գնահատականի հասկանանք, թե ինչ մասնագետներ է պետք պատրաստել, վերջացրած նրանից, որ դուք մեզ առաջարկեք, թե ինչպես եք տեսնում այդ խնդիրների լուծումը: Միշտ պատրաստ ենք լավ մասնագետի խորհուրդ լսելու, իրականացնելու եւ միասին աշխատելու: Մեր հիմնական նպատակը՝ այն վիճակից, որում այսօր հայտնվել է քաղաքը, շարժվենք առաջ։ Մեր նիշը պետք է եվրոպական քաղաքները լինեն: Մեծ ճանապարհ ունենք անցնելու, բայց, վստահ եմ, որ կարող ենք անցնել...»,- ընդգծել է քաղաքապետը: