Երեւանում առկա 10 եւ ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020թ-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային եւ նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ եւ խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում եւ օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երեւանի քաղաքապետարանում Երեւանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:
Երեւանի քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 50 հատ հրշեջ հիդրանտի վերանորոգման եւ նորերի տեղադրման վերաբերյալ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են: Նորոգման ենթակա եւս 55 հրշեջ հիդրանտի ցանկ է ներկայացվել: Երեւանի քաղաքապետարանի եւ ԵՓՎ-ի միջեւ համագործակցությունը շարունակվում է բոլոր ուղղություններով:
2020 թվականի ընթացքում Երեւանում առկա թաքստոցների ու պատսպարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ են իրականացվել, կազմվել են ակտեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հորդորեց ակտիվ աշխատանքներ տանել պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:
Նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարն «Անվեհեր փրկարար» մեդալով պարգեւատրեց Երեւանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանին, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, նախարարը պատվոգրերով պարգեւատրեց Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ու փրկարարների: Երեւանի փրկարարական վարչության պետն ու մի քանի փրկարարներ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պատվոգրերի արժանացան:





























