Անցյալ տարի արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշների անկումը շտկելու համար Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մի քանի տարի կպահանջվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, փոխանցում է «Փրայմ»-ը:
«Հազիվ թե մենք բոլոր կորուստները վերականգնենք 2021 թվականի ընթացքում. ամենայն հավանականությամբ, միջազգային առեւտրի եւ մատակարարման վերականգնման համար կպահանջվի մի քանի տարի»,- ասել է նա:
Սլեպնյովը պարզաբանել է, որ արտաքին առեւտրի ցուցանիշը վերջին մեկ տարվա ընթացքում ընկել է 16.5 տոկոսով, ինչը կապված է էներգետիկ եւ հումքային ապրանքների մեծ մասնաբաժնի հետ առեւտրի հաշվեկշռում, իսկ Միության երկրների փոխադարձ առեւտրում 11.5 տոկոս անկում է գրանցվել:
«Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, իհարկե, բացասական միտումները կամ բացասական թվերը, որոնք կապված են հենց էներգետիկ արտադրանքի գների տատանումների հետ: Եթե վերցնենք ոչ հումքային, ոչ էներգետիկ արտահանման վիճակագրությունը, ապա թվերը բոլորովին այլ են` 6.5 տոկոս անկում ինչպես փոխադարձ, այնպես էլ արտաքին առեւտրում: Ընդ որում, մենք տեսնում ենք, որ ֆիզիկական ծավալներում երրորդ երկրների հետ արտաքին առեւտրում նույնիսկ 3 տոկոս աճ կա, մոտ 1 տոկոս` փոխադարձ առեւտրում»,- շարունակեց նա:
«Մենք գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի մատակարարումների զգալի` ավելի քան 12 տոկոս աճ ենք տեսնում: Սա, իրոք, այնքան կարեւոր դրայվեր է մեզ համար այս տարի, անցյալ տարի: Բացի այդ, վերամշակման խոշոր համալիրների գործարկմամբ պոլիէթիլենի եւ պլաստիկների նոր զգալի պաշարներ են ի հայտ եկել: Հուսով ենք, որ արտահանման նման բարելավված կառուցվածքը ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանքների աճով կզարգանա նաեւ հաջորդ տարի»,- եզրափակեց պաշտոնյան:





























