Նիդեռլանդները սկսում է COVID-19-ի շնչառական արագ թեստերի ներդնումը ամբողջ երկրում՝ թեստավորման գործընթացն արագացնելու եւ այն ավելի հեշտացնելու համար:

Այս շաբաթ Ամստերդամի փորձագիտական կենտրոններն առաջինն են սկսել օգտագործել SpiroNose-ը` սարք, որի մեջ մարդը շնչում է, եւ կորոնավիրուսային վարակի հնարավոր արդյունքը հայտնվում է մեկ րոպեի ընթացքում:

Ամիսների փորձարկումներից հետո Նիդեռլանդների առողջապահական մարմինները եկել են այն եզրակացության, որ SpiroNose-ը հուսալի է թեստերի բացասական արդյունքների դեպքում, Reuters-ին ասել է Ամստերդամի քաղաքային առողջապահական ծառայության վարակաբան Մարիկեն վան դեր Լյուբենը:

Դրական արդյունքի դեպքում պետք է կատարվի ՊՇՌ թեստ` պարզելու համար, թե արդյոք հայտնաբերված վարակը կորոնավիրուսով է պայմանավորված:

Առողջապահության հոլանդական ծառայությունը պատվիրել է շուրջ 1800 սարք եւ նախատեսում է առաջիկա ամիսներին դրանք տեղադրել երկրի կենտրոններում: «Սա խոստումնալից տեխնոլոգիա է, հատկապես արագության շնորհիվ, մեկ րոպեի ընթացքում կարող եք պատասխան ստանալ»,- ասել է բելգիացի վիրուսաբան Մարկ Վան Ռանստը: «Դա փոխում է խաղի կանոնները, եթե մեկ րոպեի ընթացքում կարողանաք արագ ախտորոշել կամ բացառել վարակը»: