Կառավարության աիսյօրվա՝ փետրվարի 4-ի նիստում Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց անդրադառնալ նաեւ հայ եկեղեցու, հայոց պատմության եւ հայ գրականության առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ այդ աղմուկը, որ կար այդ հարցերի շուրջ, այս պահին չկա:
«Այս պահին ասելով՝ նկատի ունե՞ք դահլիճում»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը, իսկ նախարարը նշեց, որ նկատի ունի վերջին մեկուկես ամսվա ընթացքում:
Նախարարը հավելեց, որ հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թեմայով քննարկումների մեջ են. «Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաներին, ապա միասնական հանդիպում է եղել ԳԱԱ մեր գործընկերների հետ, քննարկել ենք եւ հասկացել ենք, թե իրական աղմուկը ինչի շուրջ էր, այդ պատճառները վերացված են, այլեւս չկան այն առիթները, որպեսզի աղմուկը զարգանա: Անցել ենք գործնական փուլ, եւ որեւէ կոնֆլիկտ գոյություն չունի այս ժամանակահատվածում»,-ասաց նա:





























