Ծովի մակարդակի բարձրացումը գլոբալ տաքացման հետ կապված հիմնական սպառնալիքներից մեկն է համարվում: Մարդկության մեծ մասն ապրում է ափամերձ տարածքներում, որոնց ջրհեղեղ եւ ավերածություն է սպառնում: Եվ, կարծես, մինչ այժմ այդ վտանգը թերագնահատել են նույնիսկ մասնագետները. ծովի մակարդակը նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումներից արագ է աճում: Նման եզրակացության են հանգել Ocean Science պարբերականում հրապարակված նոր հոդվածի հեղինակները:
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի գնահատականները հուշում են, որ մինչեւ 2100 թվականն օվկիանոսի մակարդակը կբարձրանա առավելագույնը 1.1 մետրով: Սակայն Կոպենհագենի համալսարանից Ասլաք Գրինսթեդը եւ Յենս Քրիսթենսենը ցույց են տվել, որ այս ցուցանիշը կարող է 1.35 մետրի հասնել: «Ծովի մակարդակի կանխատեսման համար օգտագործվող մոդելները բավականաչափ զգայուն չեն»,- բացատրում են գիտնականները: Այդ մոդելները հաշվի են առնում սառցադաշտի հալման եւ բուն ջրի ջերմային ընդլայնման ներդրումը: Սակայն պահանջվող տվյալները հաճախ չափազանց մասնատված են, հատկապես` պատմական կտռվածքով, ուստի հաշվարկների արդյունքները կարող են այդքան էլ ճշգրիտ չլինել: Իրոք, երբ Գրինսթեդը եւ Քրիսթենսենն այս մոդելներն օգտագործում էին 1850 թվականից մինչեւ 2017 թվականը` ծովի մակարդակի բարձրացումը գնահատելու համար, նրանք ավելի փոքր աճ էին կանխատեսում, քան կար իրականում, փոխանցում է Naked-Science-ը:
Լրացուցիչ պատմական տվյալներ հավաքելով` հետո գիտնականները շտկել են մոդելը եւ նոր հաշվարկներ կատարել: Նրանք ցույց են տվել, որ մինչեւ 2100 թվականը նույնիսկ նվազագույն` 0.5 աստիճանով հնարավոր տաքացման դեպքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա կես մետրով: Եթե ջերմաստիճանը բարձրանա երկու կամ ավել աստիճանով, եւ հենց այդպիսի սցենար է այսօր զարգանում, ծովի մակարդակի բարձրացումը կհասնի 1.35 մետրի:




























