Հայաստանի ամերիկյան համալսարանը մեկամյա կրթական ծրագիր է նախաձեռնել հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում, որը լավ հնարավորություններ է ընձեռում մարդկանց իրենց հմտությունների կատարելագործման հարցում: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զբոսաշրջության պետական ​​կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նա պարզաբանեց, որ ակադեմիական կրթություն չունեցող մարդկանց համար հաշվապահության, կառավարման, անգլերենի եւ մաթեմատիկայի նախնական դասընթացներ կկազմակերպվեն: Դրանից հետո մասնակիցները նեղ պրոֆիլային գիտելիքներ կստանան` կորպորատիվ հաղորդակցություն, ռազմավարական պլանավորում եւ այլն:

«Դասախոսները կլինեն Ամերիկյան համալսարանի լավագույն մասնագետները, ինչպես նաեւ` արտերկրից: Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վարձավճարների մինչեւ 90 տոկոսի չափով սուբսիդավորում է նախատեսված: Ավարտական աշխատանքները կիրականացվեն Հայաստանի մարզերից մեկում: Մասնակիցները ռազմավարական ծրագիր կգրեն մի քանի հյուրանոցի համար, իսկ դասընթացների ավարտից հետո մագիստրատուրայի շրջանավարտի որակավորում կստանան»,- պարզաբանեց Զեյթունցյանը:

Նա շեշտեց, որ համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամի պայմաններում խնդիր է դրված պահպանել եւ զարգացնել կադրային պոտենցիալը, ինչը թույլ կտա մի քանի տարվա ընթացքում վերականգնել զբոսաշրջության ոլորտի սահմանափակումների հետեւանքով գրանցված կորուստները, որոնք նախորդ տարի շուրջ 2 միլիարդ դոլար են կազմել:

«Համալսարանը համագործակցում է նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ` Հայաստանում 100 քիչ հայտնի հնագիտական ​​հուշարձանների պոպուլյարիզացման ուղղությամբ, որոնք ապագայում կարող են տուրիստական պռոդուկտ դառնալ»,- նշեց փորձագետը:

Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հավելեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի նաեւ կարճաժամկետ (երկշաբաթյա) վերապատրաստման ծրագրերը` բպարզաբանելով, որ գիդերի համար եւս շատ բարձր մակարդակի դասընթացներ են անցկացվում: