Թուրքիայի դատախազությունը պահանջում է երկու հայտնի կատակերգուների՝ Մեթին Ակփինարին ու Մյույդաթ Գեզենին դատապարտել 4 տարի 8 ամսվա ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննությունը սկսել է 2018-ին՝ Public Arena հեռուստաշոուի ժամանակ կատակերգուների արած մեկնաբանությունների պատճառով:
Չորեքշաբթի օրը կայացած երկրորդ լսումների ժամանակ դատավորը հետաձգել է նիստը մինչ մարտի 1-ը, որպեսզի ամբաստանյալներին ժամանակ տա իրենց հայտարարությունները պատրաստելու համար:
79-ամյա Ակպինարին հետապնդում են այն բանից հետո, երբ նա մեկնաբանել է Էրդողանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ասելով, որ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել նրա հրաժարականին: Նրա խոսքով՝ այդպես է եղել Թուրքիայի նախորդ ղեկավարների դեպքում: «Ով դիմել է Ռուսաստանին, բացի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից, ստիպված է եղել լքել իր պաշտոնը: Ադնան Մենդերսը հանդիպում էր նշանակել եւ հեղաշրջում տեղի ունեցավ: Նույնը պատահեց, երբ Սուլեյման Դեմիրելը շրջվեց դեպի հյուսիս՝ հեղաշրջում տեղի ունեցավ: Տեսնենք, թե ով է հաջորդը»,- ասել է նա:
77-ամյա Գեզենը քննադատել է Էրդողանին` իր իշխանությանը դեմ արտահայտվողների հասցեին կտրուկ արտահայտությունների համար: «Ռեջեփ Թայիփ Էրդողան, դուք չեք կարող փորձարկել մեր հայրենասիրությունը, իմացեք ձեր սահմանները»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը հետեւել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից սահմանված սկզբունքներին:
Թուրքիայում նախագահին վիրավորելը պատժվում է 1-4 տարվա ազատազրկմամբ: Թուրքիայի կառավարությունը օգտագործել է սոցիալական լրատվամիջոցների գրառումները, ծաղրանկարները, լուրերի ռեպորտաժները եւ այլ հոդվածներ՝ նախագահին «վիրավորելու» մեջ մարդկանց մեղադրելու համար: 2014-ին Էրդողանի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո դեպքերի քանակը կտրուկ աճել է:




























