Սաուդյան Արաբիայի կառավարությունը թույլատրել է կանանց ծառայել բանակում եւ զինված ուժերում: Ըստ Gulf News-ի՝ սաուդցի կանայք կարող են միանալ Սաուդյան Արաբիայի բանակին, Թագավորական սաուդական ՀՕՊ-ին, Սաուդյան Արաբիայի թագավորական նավատորմին, Թագավորական հրթիռային ուժերին եւ ռազմական բժշկական ծառայություններին:

Այս քայլը թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի «Տեսլական 2030» նախաձեռնության մի մասն է, որը ներառում է բարեփոխումներ, որոնք թույլ են տալիս սաուդցի կանանց առաջխաղացումը տարբեր ոլորտներում:

2019-ին այս նախաձեռնության շրջանակներում կնոջը թույլատրվել է լքել երկիրը՝ առանց տղամարդ բարեկամի թույլտվության:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թագավորությունում տղամարդիկ եւ կանայք այժմ կարող են դիմել զինված ուժերում զինվորական պաշտոններ ստանալու համար՝ ընդունման մեկ պորտալի միջոցով: Նախարարության խոսքով՝ սաուդցի կանայք կարող են ծառայել որպես զինվորներ, կրտսեր կապրալներ, սերժանտներ եւ շտաբային սերժանտներ:

Դիմորդները պետք է լինեն 21-40 տարեկան: Բացի դրանից, կինը պետք է ունենա առնվազն 155 սանտիմետր հասակ: Նրանք նաեւ պետք է անցնեն ընդունելության ընթացակարգ, ունենան մաքուր պատմություն եւ պիտանի լինեն առողջական վիճակով: Ավելին, կինը պետք է ունենա անկախ ազգային անձը հաստատող վկայական, առնվազն միջնակարգ կրթություն եւ չի կարող ամուսնացած լինել օտարերկրացու հետ:

Արական սեռի քաղաքացիները, ովքեր ցանկանում են միանալ զինված ուժերին, պետք է լինեն 17-40 տարեկան եւ ունենալ առնվազն 160 սանտիմետր հասակ: