Վաղաժամ եւ անիրատեսական է կարծել, որ կորոնավիրուսի համավարակը կարող է կանգնեցվել մինչեւ տարեվերջ, բայց արդյունավետ պատվաստանյութերի ի հայտ գալը գոնե կարող է օգնել զգալիորեն նվազեցնել հոսպիտալացումների ու մահերի թիվը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
Նրա խոսքով՝ երկայումս ամբողջ աշխարհի միակ նպատակը պետք է լինի COVID-19-ի փոխանցումը նվազեցնելը: «Եթե մենք խելացի լինենք, մենք կկարողանանք վերջ դնել այս համավարակի հետ կապված հոսպիտալացումներին, մահերին եւ ողբերգություններին մինչեւ տարեվերջ»,- ասել է նա ԶԼՄ-ների համար ճեպազրույցում:
Նա նշել է, թե ԱՀԿ-ն վստահում է այն տվյալներին, որ արտոնագրված պատվաստանյութերից շատերը, կարծես, օգնում են զսպել վիրուսի տարածումը: «Եթե պատվաստանյութերը սկսեն ազդել ոչ միայն մահացության եւ հոսպիտալացման վրա, այլեւ փոխանցման դինամիկայի եւ փոխանցման ռիսկի վրա, ապա ես հավատում եմ, որ մենք կարագացնենք այս համավարակի դեմ պայքարը»:
Ռայանը նախազգուշացրել է ինքն իրեն հանգստացնելու վտանգի մասին՝ ասելով, որ զարգացող համաճարակի պայմաններում ոչինչ երաշխավորված չէ:



























