«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները ուսումնասիրել են դարքնեթի 15 հարթակներ եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառքի գովազդներ են հայտնաբերել, ասվում է ընկերության կայքում:
Վաճառողները առաջարկում են գնել կորոնավիրուսի դեմ երեք տեսակի արտոնագրված պատվաստանյութեր, որոնք արտադրվում են Pfizer/BioNTech-ի, AstraZeneca-ի եւ Moderna-ի, ինչպես նաեւ այլոց կողմից, որոնք դեռ արտոնագրում չեն ստացել, ասում են փորձագետները, հաղորդում է Forbes-ը:
Մեկ մարդու համար մեկ չափաբաժնի գները տատանվում են 250-1200 դոլարի միջեւ եւ միջինը կազմում են 500 դոլար, ասում են մասնագետները: Նրանց տվյալներով, հայտարարությունների մեծ մասը գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից:
Վաճառողների հետ կապը տեղի է ունենում պաշտպանված մեսենջերներով, որոնք ժամանակաչափով հաղորդագրությունները ջնջելու գործառույթ ունեն, իսկ վճարումն առավել հաճախ պահանջվում է բիթքոիններում, ասում է «Կասպերսկու լաբորատորիան»: Ընկերության մասնագետները վերլուծել են գործարքները եւ եկել այն եզրակացության, որ նման հայտարարությունների շատ հեղինակներ կատարել են 100-500 գործարքներ:
«Անհնար է միանշանակ եզրակացություն անել` արդյոք դարքնեթում պատվաստանյութեր վաճառելու առաջարկները խաբեություն են, թե գնորդներն իսկապես ստանում են այն, ինչ փնտրում են: Տեսականորեն դա հնարավոր է, քանի որ պատվաստանյութերի փաթեթը բացելիս աշխարհի հիվանդանոցներում երբեմն մնում են չօգտագործված դեղաչափեր: Սակայն հազիվ թե հաջողվի երաշխիք ստանալ պատվաստանյութի ճիշտ պահպանման բոլոր պայմանների կատարման համար: Չկա երաշխիք նաեւ, որ սրվակներում իսկապես պատվաստանյութ է»,- նշում է «Կասպերսկու լաբորատորիա»-ի կիբեռանվտանգության փորձագետ Դմիտրի Գալովը:
Նրա խոսքով՝ այս հայտարարություններից մի քանիսը դրական արձագանքներ են ստացել։ Բացի այդ, փորձագետները «սեւ շուկայում» հայտնաբերել են պատվաստումների կեղծ վկայագրեր: Եվրոպական ստանդարտի այսպիսի «փաստաթուղթն» արժե մոտ 20-25 դոլար: Քովիդի բացակայության վկայագրի արժեքը, որը որոշ երկրներ պահանջում են գրասենյակ գնալու, գործուղումներ կատարելու կամ արձակուրդային ուղեւորությունների համար, դարքնեթի ռուսալեզու հատվածում գնահատվում է 3500-5000 ռուբլի, հավելել են փորձագետները:



























