NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը «Военный дипломат» պարբերականին:
Պարոն նախագահ, ինչպե՞ ս է այսօր զարգանում Լեռնային Ղարաբաղը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես եւ մյուս պետությունները, ապրում է իր հիմնախնդիրներով: Մեր հանրապետության համար առավել ակտուալ են մնում բնակչության, հատկապես, սոցիալապես խոցելի խավերի կենսամակարդակի բարձրացումը, դեմոգրաֆիական իրավիճակի լավացումը, տնտեսության առաջնահերթային ուղղությունների` էներգետիկայի, լեռնահանքային եւ վերամշոկող արդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների զարգացումը:
Հատուկ նշանակություն ենք տալիս գյուղի զարգացմանը: Արցախի անվտանգության եւ առաջընթաց զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը տնտեսապես զարգացած գյուղն է:
Մեծ նշանակություն ենք տալիս ներդրումային ծրագրերին: ԼՂՀ-ում ստեղծված է բարենպաստ ներդրումային կլիմա. Հարկային օրենսդրությունը բավական ազատական է, մենք փորձում ենք պարզեցնել տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները պետական կառույցների հետ: Առաջնային նշանակություն ենք տալիս ներդրողների իրավունքների օրենսդրական ամրագրմանը:
Մեր հանրապետության պետական շինարարության փիլիսոփայության անկյունաքարը ժողովրդավարական պետության կառուցումն ու քաղաքացիական հասարակության ստեղծումն է:
Անկախության տարիներին հանրապետությունում վերջնականապես ձեւավորվել են պետականության ժամանակակից ինստիտուտները, սկսվել է պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացված տնտեսության վերականգնումը:
Այսօր ԼՂՀ-ն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ հետխորհրդային տարածքի ամենակայուն երկրներից մեկն է:
Միեւնույն ժամանակ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Պատերազմն ու դրա հետեւանքները լուրջ վնաս են հասցրել մեր պետությանը եւ մինչեւ այսօր մենք ստիպված ենք հաղթահարել այդ հետեւանքները:
Միջազգային հանրության կողմից չճանաչված լինելու պատճառով ի՞նչ դժվարությունների է բախվում ԼՂՀ-ն:
Չճանաչված լինելն ունի բացասական եւ… դրական ազդեցություն:
Բացասականն այն է, որ հանրապետությունը չունի միջազգային կառույցներից եւ կազմակերպություններից օգնություն ստանալու հնարավորություն: Դա իհարկե ազդում է մեր հանրապետության, հատկապես, տնտեսության վրա: Մյուս կողմից, տվյալ իրավիճակում մենք հիմնական շեշտը դնում ենք սեփական ուժերի, եղած ռեսուրսների եւ հնարավորությունների ռացիոնալ օգտագործման վրա:
Դրա շնորհիվ մեր ժողովուրդն ու երկիրը տոկունության բարձր մակարդակ են ձեռք բերել: Վառ ապացույցը տնտեսության աճի բարձր տեմպերն են, նաեւ այն, որ մենք ժողովրդավարական զարգացման տեմպերով մենք զգալիորեն գերազանցում ենք շատ ճանաչված պետությունների, այդ թվում Ադրբեջանին: 2009 թվականին, չնայած միջազգային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին, մեր հանրապետության ՀՆԱ-ի աճը գերազանցել է 13 տոկոսը: 2010 թվականին աճը շարունակվել է եւ կազմել է 9,1 տոկոս:
Ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատի գծում: Հնարավո՞ր է ռազմական գործողությունների վերսկսումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ գոյություն ունի բավական կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն, որը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, նաեւ Հարավ-կովկասյան տարածաշրջանում կայունության առանցքային բաղադրիչներից մեկն է:
Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին շրջանում խախտումներն ավելի հաճախ են լինում: Սակայն դրանք չեն կարող փոխել գոյություն ունեցող հավասարակշռությունը կամ սասանել մեր ժողովրդի եւ բանակի ոգին:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա մենք այդ սցենարը երբեք չենք բացառում, հատկապես, Ադրբեջանի անդադար միլիտարիստական հռետորության եւ հակահայկական քարոզչության պայմաններում:
Բայց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է: Հակամարտության կողմերի միջեւ գոյություն ունի ուժերի արդյունավետ հավասարակշռություն, պատերազմն էլ հղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ դժվար թե միջազգային հանրությունը, մասնավորապես, միջնորդ երկրները հետաքրքրված լինեն Հարավային Կովկասի նման կարեւոր ռազմավարական տարածաշրջանում ունենալ անկանխատեսելի եւ անկայուն իրավիճակ:
Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը, իսկապես, ունի մարտական պատրաստության բարձր մակարդակ եւ մեր զինված ուժերն ի զորու են դիմակայել Ադրբեջանի հնարավոր ագրեսիային:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակը հեռանկար չունի: Դա ցույց է տվել նախորդ պատերազմը: Այդ պատճառով պետք է բոլոր ջանքերն ուղղել մարտական գործողությունների վերսկսումը բացառելուն եւ բոլոր խնդրները բանակցելով լուծելուն:
Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանական Հանրապետության սահմաններում ինքնավարության լայն կարգավիճակ տրամադրելու պատրաստականության մասին: Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության վերաբերմունքն ինչպիսի՞ն է այդ առաջարկի նկատմամբ:
Առաջադրելով այդ թեզը` ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքական սպեկուլյացիայով: Վերադարձ անցյալին չկա եւ դա, կարծում եմ` պարզ է բոլորին:
Խորհրդային իրականության 70 տարիների ընթացքում մենք արդեն ունեցել ենք ինքնավարություն, եւ բոլորը գիտեն, թե ինչով դա ավարտվեց:
Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ որեւէ այլ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ միջոցով` միջազգային մակարդակում անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ճանաչմամբ: Դա ժողովրդի եւ հանրապետության ղեկավարության կարծիքն է:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում կա՞ որեւէ առաջընթաց:
Բանակցային գործընթացի թերեւս գլխավոր ձեռքբերումը խաղաղության պահպանումն է: Հարավային Կովկասի նման պայթյունավտանգ տարածաշրջանում դա իսկապես շատ կարեւոր է: Սակայն զգալի առաջընթացի համար անհրաժեշտ է վերակագնել լիարժեք ձեւաչափը` Արցախի Հանրապետության լիիրավ բանակցային մասնակցությամբ:
Դրա համար անհրաժեշտ է հավատարիմ լինել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներին: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղակի հնարավոր չէ առանց մեր մասնակցության որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի:
Դա ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ եւ քննարկել ցանկացած հարց: Այդ մասին մենք մշտապես հայտարարում ենք:
Ինչքանո՞վ է իրատեսական լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնումը:
Կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Ձեւախեղված բանակցային ձեւաչափը չի կարող բերել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամբողջական եւ վերջնական լուծման:
Մենք շնորհակալ ենք Հայաստանին, որ այն ներկայացնում եւ պաշտպանում է Արցախի Հանրապետության շահերը բանակցային գործընթացում: Լուրջ տարաձայնություններ մենք չունենք, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններում նույնպես կան չլուծված խնդիրներ: Սակայն կրկնում եմ` առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել հնարավոր չէ:
Հնարավոր համարո՞ւմ եք խաղաղապահների տեղակայումը ռազմաճակատի գծում:
Հայտնի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտության կողմերի ջանքերով: Ինքնին դա արդեն մեծ ձեռքբերում է, ինչը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն առանց արտաքին միջամտության ի վիճակի են խաղաղություն պահպանել:
Իսկ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը կարելի է լուրջ քննարկել միայն խնդրի լուծման ավարտական փուլում, երբ բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի կոնսենսուս եւ կսկսվի պայմանավորվածությունների իրագործման փուլը:
Ի՞նչ զիջումների է պատրաստ ղարաբաղյան կողմը: Ո՞րն է այդ զիջումների սահմանը:
Մենք խորապես համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա: Զիջումները ոչ մի դեպքում պետք է չունենան միակողմանի բնույթ: Հնարավոր են միայն փոխզիջումներ: Միայն այդ դեպքում է հնարավոր համընդհանուր խաղաղություն:
Նաեւ անհրաժեշտ է գիտակցել, որ կարգավիճակի եւ տարածքների հարցում նույնիսկ խոսք լինել չի կարող 1988-ի իրավիճակին վերադառնալու մասին:
Կարգավիճակի հիմնախնդիրը եւ անվտանգության հարցերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են:
Նաեւ չի կարող կասկածի տակ դրվել բոլոր հարթություններում սեփական ուժերով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը:
Մյուս հարցերը մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ սա իրողությունների վրա հիմնված կառուցողական դիրքորոշում է:
Ինչքանո՞վ է կիրառելի «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքը: Ամբողջական կարգավորման հասնելու համար հնարավո՞ր է Ադրբեջանին վերադարձնել «ոչ ղարաբաղյան» շրջանները:
Ոչ, այդպիսի մոտեցումը ոչ միայն անընդունել է, այլեւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Հակամարտության վերջնական լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա պատճառը, ոչ թե հետեւանքը: Հակառակ դեպքում, ապագայում այն կարող է դարձյալ ծագել, բայց ավելի մեծ ինտենսիվությամբ: Բացի այդ փոխզիջումները պետք է լինել համաչափելի: Խաղաղության դիմաց կարելի է առաջարկել միայն խաղաղություն:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար ի՞նչ իրավական հիմքեր գոյություն ունեն:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար գոյություն ունեն բացարձակապես բոլոր հիմքերը: Դրանք պատմական են, իրավական, քաղաքական եւ բարոյական:
Պատմականորեն Արցախը երբեք չի եղել Ադրբջանի տարածքի մաս, ոչ 1918-ին թուրքական սվիններով ստեղծվածի, ոչ էլ ԽՍՀՄ փլուզումից հետո կազմավորվածի:
Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, ապա միջազգային մակարդակի բազմաթիվ քննարկումներում բազմիցս նշվել է, որ երրորդ կողմի կուսակցական մարմնի կամայական որոշումը միջազգային իրավունքում ապացուցողական բնույթի իրավական փաստաթուղթ չէ:
ԼՂՀ հռչակումը կայացել է այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Մեր երկիրն արդեն երկու տասնամյակ գոյություն ունի որպես անկախ պետություն, որը չի սպառնում հարեւան որեւէ պետության:
Մենք նաեւ հետեւում ենք մյուս գործընթացներին:
Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախադեպերը 2011 թվականին Հարավային Սուդանի անկախությամբ դարձան օրինաչափություն: Բոլոր այդ միտումները առաջին հերթին պետք է հաշվի առնի Բաքուն: Ադրբեջանը պետք է ընդունի պատմական գործըթնացների անդառնալիության տրամաբանությունը, բանակցի կառուցողական դիրքերից, սեփական ժողովրդին չտանջի անցյալի պատրանքներով:
Իսկ ԼՂՀ-ի համար անկախության ճանաչումը չի կանխորոշվում միայն համապաստախան նախադեպերով ու իրավական ակտերով: Մենք կձգտենք միջազգային ճանաչման, անկախ նրանից` ճանաչված են այլ չճանաչված պետությունները, թե ոչ: Եթե գոյություն ունեցող նախադեպերը դրական դեր խաղան տվայլ գործընթացում, ապա մենք միայն կողջունենք:




























