Այսօր՝ մարտի 12-ին,  ոստիկանները Կոտայքի մարզում  իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում Զովունի գյուղում գտնվող գազալցակայաններից մեկում վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջիններս կասկածվում են փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի  6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջիններս եղել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով:

Նրանցից մեկը եղել է կատարող, մյուսը՝ օժանդակող և նրանք փեսա ու աներորդի են: Այսօր քննիչի որոշմամբ կասկածյալները տեղափոխվել են դեպքի վայր, որտեղ կատարողը մատնացույց է արել, թե ինչպես և ինչ պայմաններում է հափշտակել գումարը: Քննիչի որոշմամբ Արմեն Հ.-ն և Էդգար Ս.-ն ձերբակալվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: