Երբ կառավարությունը որոշեց, որ մեկ ամսով բացվում են սահմանները, շատերն արձանագրեցին, որ մարդիկ մասսայաբար հեռանում են երկրից: Այս առումով, սակայն, հստակ տվյալ, վիճակագրական ցուցանիշ, այսինքն արտագաղթողների թվի մասին տեղեկատվություն դեռևս չկա։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը News.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե որքան մարդ է հեռացել երկրից այս մեկ ամսվա ընթացքում, այդ մասին վիճակագրական ծառայությունը թվերով կխոսի միայն այս տարվա ապրիլին, երբ առաջին եռամսյակի տվյալները կհրապարակվեն։ «Երբ չկա վիճակագրություն, ես չեմ կարող տպավորությունների վրա գնահատականներ տալ, եզրակացություններ անել։ Պետք է լինեն փաստեր, որ վերլուծություններ անենք», ասել է նա։
Սրան զուգահեռ Արմեն Ղազարյանն արձանագրեց, որ այս պահին կան 2020-ի տվյալները, համաձայն որոնց՝ երկիր մուտք գործողների թիվն ավելի շատ է եղել, քան գնացողներինը։ Մուտքերի թիվը ելքերի համեմատ 12 հազարով ավելի շատ է եղել․ «Սահմանահատումների պատմության ընթացքում դրական ցուցանիշներ ունեցել ենք 2004-2006-ին և 2018-2020-ին», պնդել է միգրացիոն ծառայության պետը։
Արմեն Ղազայանը նաև բացատրեց, թե ինչ օբյեկտիվ պատճառներ են եղել, որ 2020-ին Հայաստանից հեռացողները քիչ են եղել։ «2020-ի տվյալների մասին խոսելիս պետք է էական վերապահումներ անել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսով և սահմանների փակ լինելու հանգամանքով։ Այս տրամաբանությամբ կարող ենք ասել, որ 2020-ին Հայաստանի մշտական բնակչությունը նույնիսկ ավելացել է, բայց պետք է ճիշտ գնահատենք, թե դա ինչի պատճառով է եղել», նշել է նա։




























