Եվրամիության վեց անդամներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է ԵՄ-ն բաշխում Covid-19-ի դեմ պատվաստանյութերը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ AstraZeneca-ն հերթական անգամ իջեցրել է մատակարարման իր նպատակային ցուցանիշները:
Ավստրիան, Լատվիան, Չեխիան, Բուլղարիան, Խորվաթիան եւ Սլովենիան Եվրահանձնաժողովին բողոքել են ԵՄ երկրներում պատվաստանյութերի անհամաչափ բաշխման կապակցությամբ: «Եթե այս համակարգը շարունակի գոյություն ունենալ, մինչեւ այս տարվա ամառ ԵՄ երկրների միջեւ հսկայական տարբերությունները կավելանան»,- գրել են պետությունների ղեկավարները նամակում, որը, CNBC-ի տրամադրության տակ է հայտնվել:
Ի սկզբանե համաձայնեցվել էր, որ ԵՄ-ի կողմից ձեռք բերված պատվաստանյութերը բաշխվելու են երկրների բնակչության թվաքանակի համամասնությամբ: Բայց որոշ երկրներ համակարգում ճկունություն են ներմուծել, որպեսզի կարողանան ավելի շատ պատվաստանյութեր ձեռք բերել՝ կախված գներից եւ սպասարկման պայմաններից: Եվրահանձնաժողովը պատասխանել է նամակին՝ նշելով, որ պատվաստանյութերի տարածումը «թափանցիկ գործընթաց է»:
«Այս համակարգի համաձայն, եթե անդամ պետությունը հրաժարվում է համամասնական բաշխումից, ապա դոզաները վերաբաշխվում են այլ շահագրգիռ անդամ պետությունների միջեւ»,- ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, օրինակ, Բուլղարիան նախընտրել է ավելի քիչ պատվաստանյութ ստանալ Pfizer-ից եւ BioNTech-ից: Արդյունքում ԵՄ մյուս երկրները կարողացել են գնել Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի ավելցուկը:
Ըստ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի՝ Բուլղարիան եւ նամակը ստորագրած մյուս երկրները այն շարքում են, որոնք ամենաքիչ քանակությամբ պատվաստանյութեր են ստացել:
Նրանք մտահոգված են, որ եթե որեւէ փոփոխություն չարվի, ԵՄ որոշ երկրներ «մի քանի շաբաթվա ընթացքում կկարողանան կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերել, իսկ մյուսները շատ հետ կմնան»:
Նրանց բողոքը հետեւել է այն լուրերին, որ AstraZeneca-ն առաջիկա ամիսներին չի կատարի իր առջեւ դրված խնդիրները: Շվեդա-բրիտանական դեղագործական ընկերությունը հաստատել է, որ առաջին եռամսյակի ավարտին ԵՄ կուղարկի 30 միլիոն դոզա, իսկ երկրորդ եռամսյակում` եւս 70 միլիոն դոզա:
Այս թվերը ցածր են նրանից, ինչ ԵՄ-ն ակնկալում էր ստանալ:
Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոհոն երկուշաբթի CNBC-ին ասել է, որ եթե չլիներ պատվաստանյութերի բաշխումը վերահսկող Եվրահանձնաժողովի աշխատանքը, «ավելի շատ խնդիրներ» կլինեին:
Ակնկալվում է, որ հարցը կքննարկվի մարտի վերջին կայանալիք եվրոպական հաջորդ գագաթաժողովում:



























