Այս տարի Սեւանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում ունենք: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ՝ 15 սմ-ի բարձրացում ունենք, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: Նա նշեց, որ այս տարի հասնելու է 1901 մետր նիշի մակարդակին, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակներում:

Նախարարը նշեց, որ դա նաեւ արդյունք է Արփա-Սեւան թունելի եւ ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախ կարողացել են աշխատանքները կանոնակարգել եւ ջրի վատնման գործընթաց թույլ չտալ. «Երկրորդ, այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է լավ լուր, որ ջրային պաշարների խնդիր չենք ունենալու»: